տուն Լուրեր «Ես զզվում եմ ձեր քաղաքական ուժից, բայց որ Փիլիպոսը լավ տղա է`...

«Ես զզվում եմ ձեր քաղաքական ուժից, բայց որ Փիլիպոսը լավ տղա է` կընտրեմ». Մարուքյան

93
0

Տարածքային ցուցակներով ընտրության արդյունքում մրցակցում են ոչ թե կուսակցությունները, նրանց ծրագրերը, այլ ինչ-որ մարդիկ, որոնք շատ փող ունեն, որոնք հնարավորություն ունեն մարդկանց վարչական միջոցներ կիրառել ու սպառնալ: Այս մասին այսօր ԱԺ  պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում  «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց  «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ասենք, ասում են՝ Փիլիպոսին կընտրե՞ս: Պատասխանում է՝ ես զզվում եմ ձեր քաղաքական ուժից, բայց որ Փիլիպոսը լավ տղա է` կընտրեմ: Ու էդպես ձայները հավաքվում են: Մենք այն ժամանակ էլ դեմ ենք եղել տարածքային ցուցակներով ընտրություններին, հիմա էլ դեմ ենք: Սա, ըստ էության, քաղաքական համակարգ չէ, այն բրենդների պայքարի, գաղափարախոսական պայքարի չի բերել»,- ասաց Մարուքյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նշեց, որ թեեւ ժամանակին իրենց քաղաքական ուժը այս հարցում կոնսենսուս է ունեցել իշխող ՀՀԿ-ի հետ, բայց դա չի նշանակում, որ հիմա իրավունք չունեն դեմ հանդես գալ այդ ընտրակարգին: Նա հիշեցրեց, որ Սահմանադրության մեջ նշված է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, եւ ոչ մի բառ չկա մեծամասնական ընտրակարգի մասին, իսկ տարածքային ցուցակներով ընտրությունը, ըստ էության, նույն մեծամասնական ընտրակարգն է:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգը ոչ թե քաղաքական պայքար էր, այլ պայքար էր ուրիշ ունակությունների մեջ: Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր էին հոգեհանգստի արարողության տպավորություն հիշեցնող սեւ վերնաշապիկներով կանգնում ընտրական հանձնաժողովների դիմաց եւ ուղեկցում, այսպես կոչված, մոլորյալ կամ չկողմնորոշված ընտրազանգվածին»,-ասաց նա: