Ես Մանվել Գրիգորյանի մեջ երբեք այդ կերպարը չեմ տեսել: Երբ քննությունը կավարտվի և վերջնական որոշումը կլինի, այդ ժամանակ նոր իմ դիրքորոշումը կարտահայտեմ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը:
«Մի բան վստահությամբ ասեմ՝ ես արդարություն եմ պնդելու, եթե ես իմանամ՝ իմ հալալ եղբայրը յուրացման մեջ կա, ուրեմն ես հալալ եղբայր չունեմ, քանի որ ես իմ գործունեությամբ ամբողջությամբ արդարության կողմն եմ և պետականամետ եմ»,- նշեց Մանուկյանը և հավելեց, որ պահելով անմեղության կանխավարկածը, հիմա իր դիրքորոշումը չի հայտնի, բայց նախաքննությունն ավարտվելուց հետո խոստանում է արտահայտել խիստ դիրքորոշում:
Հարցին՝ քանի որ ինքը միշտ Մանվել Գրիգորյանի հետ է եղել է, երբեք չի՞ իմացել այդ պահեստների մասին, Մեսրոպ Մանուկյանն ասաց. «Իմ գործն Ազգային ժողովում է, օրենսդիր դաշտում է: Իրենց տանը շատ եմ եղել, բայց պահեստներում գործ ունենալ-չունենալը… Բարոյական խնդիր էլ կա, ես ի՞նչ գործ ունեմ ուրիշի պահեստներ մտնեմ»:
Մանուկյանը նաև հավելեց՝ կադրերը, որոնք ԱԱԾ-ն հրապարակել է, շոկային կադրեր են, բայց ինքը կսպասի նախաքննությունն ավարտվի: