ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կուսակցությունը միանալու է «Ծառուկյան դաշինքին»: Ուրիխանյանն ասաց, թե վարչության որոշումը կներկայացվի առաջիկայում կայանալիք կուսակցության համագումարի հաստատմանը:
Հարցին` վերջնականապես համաձայնեցվա՞ծ է, հստակ պայմանավորվածություն կա՞ Ծառուկյանի հետ, նա պատասխանեց. «Ես արդեն տվել եմ այդ հարցի պատասխանը: Ես այն մարդը չեմ, որ երբևէ հեռացել է Ծառուկյանից, որ մտածի ՝ միանա՞ կամ չմիանա՞: Դրան պիտի պատասխանեն այն մարդիկ, որոնք հեռացել են»: Իսկ հարցին, թե Գագիկ Ծառուկյանի կողմից զանգ կամ առաջարկ եղե՞լ է հանդիպելու հետագա պայմանավորվածության շուրջ, նա ասաց. «Չեմ կարծում` կոմունիկացիոն, տեխնիկական հարցերը հետաքրքիր են: Զանգահարելու առանցքային թեմատիկան այստեղ հետաքրքիր չէ, ես կրկնում եմ ՝ այդ մարդը չեմ, որ այդ կապը հեռացրել է: Ես հեռացել եմ ԲՀԿ-ից, ոչ թե Գագիկ Ծառուկյանից»:
Լրագրողի դիտարկմանը, թե ըստ տեղեկությունների` Ծառուկյանը դեմ է, որ իր անվամբ ցուցակում տեղ գտնի մեկը, որը «գործ տվող» է, նա արձագանքեց. «Նախ` ես չեմ լսել Գագիկ Ծառուկյանի անունը որևէ տեղ: Երկրորդ՝ ուզում եմ հասկանալ` հիմա դուք ուզում եք ապրել օրենքի՞ շրջանակներում, թե՞ գողական: Գործ տալը ո՞րս է: Այդ պղտորումը տեղի ունեցավ այն թերթում, որի գլխավոր թերթի խմբագիրը դատարանում իր մոր հանդեպ ցուցմունք է տվել: Այդ, այսպես կոչված, ընդդիմադիր լրատվամիջոցում միշտ նման պղտորումներ լինում են, որին չարժե արձագանքել: Ես չեմ շփվում այն միջավայրում, որտեղ պայմաններով են առաջնորդվում: Գործ տալը սեփական մոր դեմ ցուցմունք տալն է»: Հիշեցնենք, խոսքը Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած բողոքի ու քրեական գործի մասին։
Իսկ այն հարցին, թե ինչու չի ներկայանում դատական նիստերին, Տ. Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ եմ պարտավոր ներկայանալ: Դա իմ սահմանադրական իրավունքն է: Ես չեմ իր ազատազրկման հիմնական պատճառը: Ես հայտարարել եմ, որ ես իր նկատմամբ որևէ պահանջ չունեմ: Ես չեմ շարունակել տուժող կողմի դիրքորոշումից հանդես գալ»: