ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը և Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը ստեղծել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկը, որը մարտի 1-ին դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ քննարկվել է ԿԳ նախարարությունում:
Ձեռնարկի հետ կապված դեռ երեկվանից համացանցում օգտատերերը սկսեցին ակտիվ քննարկել այն մասին, որ սա դասագիրք է, որով Հայոց ցեղասպանությունը որպես առանձին առարկա պետք է դասավանդվի հայաստանյան դպրոցներում: Կարծիքները հարցի վերաբերյալ բավականին տարբեր էին ու հակասական:
Araratnews.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ գիրքը ներկայացվել է որպես դասագիրք, որն իրականում ձեռնարկ է ուսուցիչների համար. «Սա ձեռնարկ է, թե ինչպես պետք է երեխաներին պատմել ցեղասպանության մասին՝ հաշվի առնելով նրանց տարիքը: Զարմանում եմ՝ ինչո՞ւ չի հասկացվում: Կա խնդիր, թե հոգեբանորեն երեխաների հետ ինչ մեթոդներով մոտենալ թեմային: Եթե այստեղ դասագիրք լիներ, առաջինը ես և թանգարանը դեմ կլինեինք, որովհետև չի կարելի ցեղասպանությունը առարկա դարձնել: Նախ` դա անընդունելի է, և երկրորդ՝ այդ մասին արդեն հայոց պատմություն առարկայի մեջ կա»:
Դեմոյանի խոսքով՝ այլ խնդիր է, որ պատմության դասագրքում թեման լավ չի ներկայացված. «Ամբողջ պատմության դասագրքերը խայտառակություն են, երեխաներին ուղղակի տանջամահ են անում, երկրորդական անձերի անունների ու դեպքերի մի կույտ են ստեղծել և ուզում են, որ երեխաները դա սովորեն, պատմությունն այդպես չեն դասավանդում»:
Ինչ վերաբերում է հարցին՝ այնուամենայնիվ, եթե լինի հստակ որոշում, որ Ցեղասպանությունը դպրոցներում դասավանդվի որպես առանձին առարկա, ճիշտ կլինի՞ նման մոտեցումը, նա պատասխանեց. «Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է հանել պատմությունից ու առանձին առարկա դասավանդել ցեղասպանությունը: Այո´, ես դրան դեմ կլինեմ»:
Նա նաև ընդգծեց, որ ցեղասպանությունը չպետք է մեր երկրի համար դարձնել այցեքարտ, և անհրաժեշտություն չկա, որ այդ մասին դասագիրք լինի. «Այդ մասին պետք է դասագրքերում լինի, պետք է իմանալ, մեր պատմության մի մասն է, թանգարան կա, որտեղ կարելի է այցելել ավելին իմանալու համար, բայց դասագիրք… դա հետևանքային է՝ սովորաբար բացասական»: