Ես ուզում էի և պատրաստվում էի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան, և չեմ մասնակցի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը. «Սկզբում թերթերը, թղթակիցները ոչ կոռեկտ հարցեր էին տալիս, և ես ստիպված էի ասել, որ դա առողջական խնդիրների հետ է կապված: Խնդիրը կապված է բուժման հետ, ես պետք է պրոցեդուրաներ անցնեմ, բայց իմ կյանքին վտանգ չի սպառնում, ու ես շնորհակալ եմ Աստծուն և այն բժիշկներին, ովքեր օգնում են: Իհարկե, ես կուզեի առողջ լինել, որ մասնակցեի և ծառայեի, բայց դա չի նշանակում, որ որևէ ծրագիր չի կատարվելու»:
Աբրահամյանը նաև անդրադարձավ Կարեն Կարապետյանին, նշելով, որ վարչապետի քայլերը հույս են ներշնչում. «Եթե մենք միասնական մոտեցում ցույց չտանք երկրի անվտանգության, Ղարաբաղի և Ցեղասպանության, նաև երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների առումով, չի լինի այն, ինչը վարչապետն է ուզում տեսնել: Ասեմ, որ մենք համագործակցում ենք, և ես միայն դրականը կարող եմ ասել նրա մասին»:
Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությանը, որ նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենը պետք է դառնա երկրորդ պետական լեզու, Աբրահամյանը պատասխանեց. «Ես կերազեի ռուսերեն լավ իմանալ, բայց, ցավոք, չկարողացա: Մարդիկ ուսուցիչ են վարձում, որպեսզի ռուսերեն սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, չկարողացա»: