Ռուսական հայտնի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի գիտակ, ադրբեջանցի Ռովշան Ասկերովը մեկնաբանել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակչում անգլիական «Արսենալում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի այցը։
Ասկերովի խոսքով՝ հավանականություն կա, որ որոշ մարդիկ բացասական են վերաբերվում Հայաստանի հավաքականի ավագի այցին, սակայն նրա անվտանգության հետ կապված խնդիր չի լինի։
«Ես չեմ կարող պատասխանել բոլոր նրանց փոխարեն, որոնք լինելու են մարզադաշտում։ Կարող է եւ լինեն, ու կլինեն (նկատի ունի սուլողներին- խմբ.), տարբեր են մարդիկ։ Ես չեմ կարող հիմա ասել, թե նրան ծաղիկներով, գրկախառնությամբ կդիմավորեն եւ կասեն՝ թանկագինս, գոլեր խփիր, մենք կուրախանանք եւ կծափահարենք։ Պաշտոնական դեմքերն ասել են, որ նա կարող է գալ… Եվ եթե հայտարարել են, որ կապահովեն անվտանգությունը, ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Ասկերովը BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում։
Գիտակի խոսքով՝ անցյալ անգամ Մխիթարյանը չէր եկել Ադրբեջան, քանի որ իր թիմը մրցելու էր ադրբեջանական ակումբի հետ։ Իսկ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը չեզոք հանդիպում է։