տուն Լուրեր Եռյակն այլևս գոյություն չունի. Րաֆֆի Հովհաննիսյան

Եռյակն այլևս գոյություն չունի. Րաֆֆի Հովհաննիսյան

77
0

Raffi-Hovhannisyan

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը: Հավաքվածներին ողջունեց կուսակցության առաջնորդն ու ասաց, որ պատրաստվեն հաղթանակի: Կուսակցության առաջնորդը նախ ներողություն խնդրեց լրագրողներից՝ օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վերջիններիս հարցերին չպատասխանելու համար:

«Սերժ Սարգսյա´ն, դուրս արի»,- կրկին անգամ կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Խոսելով Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հաշտեցման մասին՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ընդգծեց, որ դա քաղաքական լեգիտիմությունից դուրս էր:

«Այսօր շատ կուզեինք այստեղ լինել մեր գործընկերների՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ինչպես նաև ՀՅԴ-ի և այլ քաղաքական ուժերին հետ, բայց ինչ-որ մեկը չուզեցավ, իսկ մենք չուզողների մասին շատ գիտենք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ «Ժառանգություն»-ը ազատ կուսակցություն է, իսկ մի օր էլ գուցե կուսակցություն չլինի, այլ լինի պարզապես քաղաքացիներ:

Ինչպես նշեց, Րաֆֆի Հովհաննիսյանն, անցած կիրակին իր համար շատ ուրախալի օր էր. եռյակը վերջապես միասնական նպատակով էր հանդես եկել:

«Ցավում եմ, որ մեր գործընկերները դուրս եկան եռյակից, մենք կանք եռյակում, տասնյակում, ժողովրդին պատկանող ցանկացած ձևաչափում»,- ասաց Ր. Հովհաննսյանն ու հավելեց, որ իրենց դռները բաց են բոլորի համար, իսկ եռյակն այլևս գոյություն չունի:

Նա նաև ավելացրեց, որ կշարունակեն պայքարը, իսկ վաղն էլ կգնան Գյումրի՝ գլուխ խոնարհելու Ավետիսյանների հիշատակին: