Այսօր Ազգային Ժողովում ոչ իշխանական եռյակըˋ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանագությունը», անցկացրեցին իրենց հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է մեկ հարց:
Եռյակի նիստի ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ասաց, որ սահմանամերձ համայնքների և հարակից օրենքների համատեղ փաթեթում ընդրգկվել են այլ օրենքներ, որոնց քննարկումն արտահերթ չէ ու կապ չունի սահմանամերձի համայնքների հետ:
«Արտահերթ ռեժիմով բերել են այնպիսի օրենքներ, որոնք կապ չունեն սահմանամերձ համայնքի օրենքի հետ: Նպատակը մեկն է, որ ժամանակ ձգեն, ժամանակը լցնեն օրենքներով, որպեսզի հնարավորություն չընձեռվի ընդդիմության արտահերթ կարգով ներկայացված հարցերը քննարկելու: Դա մանր խորամանկություն է, հանկարծ թմբիրից արթնանում ու հասկանում են, որ այնքան օրենքներ կան, որ արտահերթ ռեժիմով պետք է քննարկեն և բերում են, արհեստականորեն կցում իրար»,- ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում արտահերթ կարգով քննարկման է ներկայացվել սահմանամերձ շրջաններում հարկային արտոնություններ տրամադրելու մասին Կառավարության օրենսդրական նախագիծը: