ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք պաշտոնապես ճանաչելու և Թել Ավիվից ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին: Ըստ Թրամփի՝ այդ քայլը նոր մոտեցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը:
ԱՄՆ-ի նախագահի որոշմանն արձագանքել են Երուսաղեմի եկեղեցիների 13 պատրիարքներ և հոգևոր առաջնորդներ, այդ թվում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
«Մենք համոզված ենք, որ նման քայլը կհանգեցնի Երուսաղեմում և Սուրբ Հողում ատելության, հակամարտության, բռնության և տառապանքի ուժեղացման: Մեր խորհուրդն ու աղերսանքն այն է, որ Միացյալ Նահանգները շարունակի ճանաչել Երուսաղեմի ներկայիս միջազգային կարգավիճակը: Ցանկացած անսպասելի փոփոխություն կարող է հանգեցնել անդառնալի վնասի»,- նշված է պատրիարքների նամակում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Պաղեստինում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել Սպիտակ տան որոշման դեմ: