տուն Լուրեր Երրորդմասցի Լյովիկի Լեքսուսի կնիքները պոկված են, գործով ապացույց «07»-ը՝ թալանված. 1in.am

Երրորդմասցի Լյովիկի Լեքսուսի կնիքները պոկված են, գործով ապացույց «07»-ը՝ թալանված. 1in.am

107
0

1462273033-1842

 1in.am-ը գրում է․

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանի հետնամասում՝ Էրեբունու ոստիկանության կողմից հսկվող տարածքում դատարանն անցկացրեց արտագնա նիստ՝ զննվեցին գործով իրեղեն ապացույց ճանաչված ու այդ տարածքում պահպանվող երկու մեքենաները՝ Երրորդմասցի Լյովիկի  «Լեքսուսը» և սպանության ենթադրյալ կատարողների «07»-ը:

Զննումից հետո՝ դատարանի դահլիճում, ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմն առաջիկայում միջնորդություն կներկայացնի զննված մեքենաները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին: Ներկա պահին փաստաբանը հայտարարեց, որ երկու մեքենան էլ պատշաճ պահպանված չէին ու չեն կարող իրեղեն ապացույցի նշանակություն ունենալ: Մեքենաների դռները կնիքված չէին, հետևաբար ով ասես՝ կարող էր բացել դրանք, մեքենաների սրահ թափանցել, այլևայլ գործողություններ կատարել: Պաշտպանն նկատեց՝ «Լեքսուսի» վրա դեռևս մնացել էին պատռված թղթի կտորներ, ինչ-որ ժամանակ այդ մեքենայի դռները հնարավոր է՝ փակ են եղել, բայց հետո թղթերը պատռվել, դռները բացվել են, մեքենայի ներսում միջամտություն է եղել: Սակայն եթե «Լեքսուսի» ներսը պաշտպանական կողմի համար ապացույցի առումով մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, ապա «07»-ի վերաբերյալ նույնն ասել հնարավոր չէ: Զննություն կատարողներն ականատես եղան, որ« 07»-ի դռներն ընդհանրապես կնիքված չէին, դռները բացված էին, «ամեն ինչ քանդռտված էր», մեքենան թալանված էր: Մասնավորապես, զննության ժամանակ խոսվեց այն մասին, որ հանված է մագնիտոֆոնը:

Պետք է ասել, որ հենց այդ «07»-ի սրահում է նախաքննական մարմինն ի հայտ բերել ԴՆԹ նմուշներ ու դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ նշվել է, որ դրանք կարող են համընկնել ամբաստանյալներից ոմանց ԴՆԹ նմուշներին: Պաշտպանական կողմը մտադիր էր միջնորդություն ներկայացնել կրկնակի դատագենետիկական փորձաքննություն նշանակելու մասին, բայց եթե «07»-ի սրահը պատշաճ պահպանված չէ, ապա, ըստ Լ. Սահակյանի, իրենց պաշտպանյալները զրկվում են այդ միջնորդությունն անելու հնարավորությունից, նման միջնորդությունն արդեն իմաստազուրկ է դառնում:

Փաստաբանի կարծիքով՝ նման իրավիճակում մեղադրողը պիտի որ հրաժարվի զննված երկու մեքենաներին իրեղեն ապացույցի նշանակություն տալուց:

Մեղադրող դատախազը հայտարարեց, որ պատշաճ քրեաիրավական ընթացակարգով զննվեցին իրեղեն ապացույց ճանաչված երկու մեքենաները, դրանք «ըստ էության՝ պահպանված էին»: Մեղադրողն առաջարկեց՝ եթե պաշտպանական կողմը հայտարարություն ունի, թե մեքենայից ինչ-որ բան է բացակայում, կարող է հանցագործության մասին հայտարարությամբ հանդես գալ:

Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ զննված «Լեքսուսի» վրա՝ արտաքինից, առկա էին վնասվածքներ, զննության մասնակիցները դրանք տեսան: Իսկ թե մեքենան կնիքված էր կամ կնիքված չէր, դա «Լեքսուսի» պարագայում էական չէ: Իսկ եթե միջնորդություն  արվի զննված իրեղեն ապացույցներն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ, Ե. Սարգսյանը տուժող կողմի նկատառումները այնժամ կհայտնի:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց. «Շատ եմ զարմանում մեղադրողի դիրքորոշումից: Եթե զննված իրեղեն ապացույցները պահպանված են, ուրեմն՝ ես էլ իրավաբան չեմ»:

Փաստաբանը նշեց, որ օրենքի պահանջով՝ իրեղեն ապացույցները պետք է պահպանվեն այնպես, որ հնարավոր չլինի դրանցում կամ դրանց վրա որևէ բան փոխել: Իսկ եթե իրեղեն ապացույցներն այդ կարգով չեն պահպանված, ուրեմն ակնհայտ է, որ դրանք իրեղեն ապացույցի նշանակություն չեն կարող ունենալ: «Մենք ընդամենը տեսանք երկու մեքենա, որոնք կանգնած էին, բայց որպես իրեղեն ապացույց՝ դրանք պահպանված չէին»:

Փաստաբանը նշեց, որ խուզարկության արձանագրության մեջ գրված է, թե մեքենաները կնիքվել են: Բայց առնվազն «07»-ը, ինչպես ցույց տվեց զննությունը, «կնիքված չէր ընդհանրապես, իսկ «Լեքսուսի» վրա եղած թղթի պատառիկներին էլ որևէ գրառում առկա չէր…»:

Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել նաև մի քանի այլ մեքենաներ, որոնք դեպքի պահին կանգնած են եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում ու հրազենային վնասվածքներ են ստացել: Վարույթն իրականացնող մարմինը անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո այդ մեքենաները հանձնել է սեփականատերերին: Վերջիններիս մի մասը մեքենան վաճառել է, մի մասը նորոգել է, դրանք չեն պահպանում հրազենային վնասվածքները: Մի խոսքով՝ այդ մեքենաները դատարանի կողմից այլևս անիմաստ է զննել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում