Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում քննարկեց Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագիծը:
Պատգամավորն առաջարկել էր երկու տարով հետաձգել թվային հեռարձակման ներդրումը: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Աժ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետարքրվեց, թե երբ կառավարությունը կունենա նախագիծը, ինչին ի պատասխան՝ Գագիկ Բեգլարյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետությունում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետի հետաձգումը մինչև 2017 թվականն, ընդհանուր առմամբ, ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանում՝ նկատի ունենալով, որ.
1) Թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականային տիրույթներ, որոնց հատկացման հետևանքով ՀՀ պետբյուջե կապահովվի զգալի ֆինանսական մուտքեր,
2) Նշված ժամկետում անալոգային ցանցի գործունեության ապահովման համար ծախսերը գրեթե կկրկնապատկվեն՝ հաշվի առնելով անալոգային ցանցի պահպանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:
Հավելենք, որ ներկայացված փոփոխությունները չի ներառում կարգավորման ենթակա հարաբերություններն ամբողջությամբ: Անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց կարգավորումը նույնպես պահանջում է օրենսդրական փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես, իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզավորման կարգն ու պայմանները, ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները և այլն:
Ոլորտի ամբողջական կարգավորման անհրաժեշտությունից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը մշակում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, և ներկայացված օրենքի նախագծի հեղինակին առաջարկում ենք մասնակցել վերոհիշյալ նախագծի մշակման աշխատանքներին: Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում: