Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2017թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո, կրթության և գիտության նախարարի hետ միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներին, շրջանավարտներին ու աշակերտներին հանձնել է ոսկե մեդալներ և գովասանագրեր: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահից ստացել են նաև խրախուսական նվերներ:
«Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ ձեզ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթներում ունեցած հաջողությունների համար, անշուշտ նաև՝ դպրոցը գերազանցությամբ ավարտելու կապակցությամբ: Ձեր հաջողությունները մեր ողջ ժողովրդին ուժ ու եռանդ են հաղորդում, ինձ անձամբ ոգևորում և հավատ են ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է` նման հանդիպումներով ցանկանում են ընդգծել, որ երկրի ապագան կապում են գիտության և կրթության զարգացման հետ.
«Նաև ցանկանում ենք, որպեսզի ձեր օրինակը վարակիչ լինի ձեր հասակակիցների, ձեր հեռու ու մոտիկ բարեկամների, ձեր դասընկերների համար: Գիտության և ուսման նկատմամբ ծարավը, եթե այն կարելի է լավ առումով վարակ համարել, երբեք չի կարելի կանխարգելել, ընդհակառակը՝ մենք ցանկանում ենք, որ այդ վարակը տարածվի ամենուր: Բարեկեցության հիմքը գիտելիքն է: Մրցունակության հիմքը գիտելիքն է: Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է կանգնելու ձեզնից յուրաքանչյուրի կողքին»,- ասել է նախագահն` ավելացնելով.
«Ավարտելով մեր կամ այլ երկրների բուհեր՝ կցանկանայի, որ ձեզնից շատերը զբաղվեին գիտությամբ, որովհետև ինչպես ասացի գիտության ու ուսման նկատմամբ սերն ու ունակություններն են մեր ժողովրդին հասցրել մինչև 21-րդ դար: Ուրեմն, դուք պետք է արժանի շարունակողները լինեք մեր միջնադարյան և նորագույն ժամանակների լավագույն անհատների, նրանց ջանքերի: Մենք մշտապես պատրաստ ենք ձեզ օժանդակելու, ձեզ սատարելու»: