տուն Լուրեր Երկրաշարժի տարելիցին Գյումրիում ներկայացվեց Մոցարտի «Ռեքվիեմը»

Երկրաշարժի տարելիցին Գյումրիում ներկայացվեց Մոցարտի «Ռեքվիեմը»

107
0

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սև բերդում հայաստանյան առաջատար երաժշտախմբերի կատարմամբ հնչեց Մոցարտի «Ռեքվիեմը»:

Միջացառումը նախաձեռնել և իրականացրել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Այս համերգի գաղափարը ծագել էր դեռևս այս տարվա սկզբին: Որոշել էինք այնպիսի տեղ ընտրել համերգի անցկացման համար, որ բավականին շատ մարդ կարողանա ներկա գտնվել: Ծրագիրն էլ որոշվեց Ռոբերտ Մլքեյանը: Ներգրավվեցինք նաև Գյումրու երաժշտախմբերին: Մենք ցանկանում էինք այնպես անել, որ Երևանի և Գյումրու կարող ուժերը միավորվեն մեկ նախագծի շուրջ»,-նշեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Նորայր Նազարյանը:

Նրա խոսքով՝ նմանատիպ համերգով ևս մեկ անգամ փորձ է կատարվել հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ փաստում է՝ այս համերգն առաջին հերթին իր հոգու պարտքն էր: «Ես շատ եմ կապված Գյումրիին, երկար տարիներ աշխատել ու շարունակում եմ աշխատել այստեղ: Պարտադիր համարեցի անպայման երկրաշարժի 30-րդ տարելիցին պետք է հանդես գալ ինչ-որ  նախաձեռնությամբ: Հիշելով մեր նահատակներին՝ պետք է ավելի ուժեղ լինենք և շարունակենք ապրել. այս է մեր ուղերձը»,-ասաց Ռոբերտ Մլքեյանը:

Համերգային ծրագրի մեկնարկն ազդարարվեց տերունական աղոթքով և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Համերգի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը  (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան): Որպես մենակատարներ ներկայացան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանը, տենոր Տիգրան Օհանյանը, բաս ԱրմենԳրիգորյանը:

Համերգն անցավ լեփ-լեցուն սրահում՝ հանդիսատեսի անվերջ ծափահարությունների ներքո: Օրեր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանում առաջին անգամ ներկայացվել էր ևս մեկ «Ռեքվիեմ»՝ Բրուքների ստեղծագործությունը, որը կրկին հնչեց ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի զոհերի: