Երևանում անցկացվում է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնած երկրորդ ամենամյա համաժողովը, որն այս տարի նվիրված է մետաբոլիկ համախտանիշի խնդրին:
«Քանի որ տվյալ ժամանակաշրջանում մեծ խնդիր է հանդիսանում մետաբոլիկ սինդրոմը, որոշել ենք համաժողովը նվիրել հենց այդ թեմային: Դա ոչ թե կոնկրետ մի հիվանդություն է, այլ բազմաթիվ հիվանդությունների ինչպես հետևանք, այնպես էլ պատճառ կարող է հանդիսանալ»,- Araratnews.am-ին ասաց վիրաբույժ, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Աբովյանը:
Համաժողովը նպատակ ունի բարձաձայնել խնդիրը տարբեր մասնագետների տեսակետից, այսինքն` գինեկոլոգի, սրտաբանի, վերարտադրողական առողջության մասնագետի, սեքսապաթոլոգի տեսանկյունից: Հատկապես վերջին ոլորտում, ըստ Սարգիս Աբովյանի, կան բազմաթիվ թերի կողմեր, քանի որ ցածր է տեղեկացվածության մակարդակը մարդկանց մոտ:
Թեև ասոցիացիան միավորում է հայ երիտասարդ բժիշկներին, այնուամենայնիվ, նրանք բաց են ցանկացած համագործակցության համար:
«Մետաբոլիկ համախտանիշը մեր ժամանակներում բավական արդի խնդիր է, քանի որ կապված է մեծ մասամբ ճարպակալման հետ»,- ասում է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ծրագրերի ղեկավար Սուսաննա Գյուրջյանը:
«Ճարպակալումից եկող խնդիրները տարբեր բնագավառների են: Այդ պատճառով էլ մենք փորձեցինք տարբեր նեղ մասնագետների համախմբել մեր համաժողովում, ամեն մեկն իր բնագավառից ներկայացնի, թե ինչ է մետաբոլիկ սինդրոմը, և փորձենք ընդհանուր բուժում, խորհուրդներ, պրոֆիլակտիկա առաջարկել` ըստ տարբեր մասնագետների»,- ընդգծեց նա: