Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիս ամսից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Բայց, որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական, մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր՝ միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող եկամուտները կամ իրենց կողմից ստացված եկամուտները մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել»,- նշեց Դավիթ Անանյանը:
Հարցին՝ որո՞նք են այդ կոշտ միջոցները, Անանյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ, օրինակ, վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ անվանական նամակ է գնում և նրան մեղադրանք է ներկայացվում, որ, օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրն իրականացնելու արդյունքում դուք որևէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից ավելի կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում, որովհետև, կարծում եմ, որ վաստակավորի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող գործողությունն է: Այսօրվա շոուբիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ կան շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ: Եվ կապ չունի, թե կոնկրետ արվեստի որ բնագավառում են իրենք գործունեություն իրականացնում: Կարծում եմ մշակույթի և ներքին համոզմունքի ձևավորման խնդիր կա»,- շեշտեց ՊԵԿ նախագահը: