տուն Լուրեր Երևանում կայացավ առաջին ուսուցչական-կրթական կոնֆերանսը

Երևանում կայացավ առաջին ուսուցչական-կրթական կոնֆերանսը

148
0

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի միջոցով Հայաստանը 2019 թվականին առաջին անգամ միացավ աշխարհի 43 երկրում գործող ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված Edcamp (Էդքեմփ) նորարար կոնֆերանսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին Էդքեմփ Հայաստանն արդեն գրանցել է 400 մասնակից Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և սփյուռքից:

Էդքեմփը նախատեսված է գործող և ապագա ուսուցիչների, դպրոցական հոգեբանների, լոգոպեդների, ուսուցչի օգնականների, դպրոցների ղեկավարության համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց համաժողովը, քանի որ տեղի է ունենում փորձի փոխանակում:

«Այս հարթակը շատ կարևոր է վերապատրաստումներ իրականացնելու առումով, և կարծում եմ, որ Էդքեմփը կարող է գործընկեր դառնալ նախարարությանը: Այն բարեփոխումները, որոնք սկսել ենք իրականացնել կրթության ոլորտում, բավականին ծավալուն են»,- նշեց նախարարը և հավելեց, որ ուսուցիչների մեծ թվով ներկայությունը խոսում է ծրագրի կարևոր և հետաքրքիր լինելու մասին:

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը նշեց, որ նմանատիպ ուսուցչական-կրթական կոնֆերանս Հայաստանում իրականացվում է առաջին անգամ:

ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստանի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շեշտեց, որ յուրաքանչյուր երեխա պետք է ստանա որակյալ կրթություն՝ զարգացնելով իր բոլոր տաղանդները:

«Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները լինեն մեր պայծառ ապագայի հիմքը: Այն, ինչ անում ենք այսօր, ապագայում մեծ փոփոխությունների է հանգեցնելու»,- ասաց Ռադոչայը: