«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանն այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ընթացքում, խոսելով Երևանի ավագանում 2014թ. գործունեության մասին, ասաց, որ ինքը բավական մեծ բացթողումներ նկատել է:
«Դա բազմիցս վերածվել է քաշքշուկի ոստիկանների հետ: Կուզենայի նշել Աֆրիկյանների շենքի նախադեպը, որը որպես մշակութային հուշակոթող ոչնչացվեց: Հերիք չի` շենքը քանդվեց, ցանկապատը բերվել է ու փողոցի կեսը փակվել է ու վրան գրվել է «ավելի բարեկարգ Երևան»: Հիմա ես՝ որպես քաղաքացի, նայում եմ ու ինձ թվում է, թե ինձ ձեռք են առնում: Որովհետև ակնհայտ խախտում է տեղի ունեցել, հանրային տարածք է գրավվել»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա:
Չնայած նրան, որ ավագանին ու քաղաքապետը միևնույն կառույցի մեջ են մտնում, շատ ժամանակ, ըստ` Վարդան Գերավետյանի, քաղաքապետն է դոմինանտը և ինչ ուզում, այն էլ անում է, առանց հաշվի առնելու ավագանու կարծիքը: