Երևանի պատմական միջավայրի, հանրային և կանաչ տարածքների, մշակութային հուշարձանների պահպանման խնդիրները շարունակաբար մեր և մեր գաղափարները կիսող այլ քաղաքացիների ուշադրության կենտրոնում են եղել: Տարիների ընթացքում այս արժեքների համար ծավալած պայքարի արդյունքում երբեմն հաջողվել է փրկել որևէ պատմամշակութային արժեք ու հանրային տարածք` օրինակ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, Մաշտոցի պուրակը, իսկ երբեմն մենք ստիպված ենք եղել հետևել, թե ինչպես են պետության անողնաշար քաղաքականության արդյունքում քաղաքից վերացվել հուշարձաններ, ապականվել կանաչ տարածքները, աղճատվել քաղաքի ընդհանուր դիմագիծը: Նման օրինակները, ցավոք, անհամեմատ ավելի շատ են` Երևանի ուսանողական այգու սրճարանապատումը, Նոր Նորքի զանգվածում հանրային կանաչ տարածքի բետոնապատումը՝ Նանսենի կենտրոն կառուցելու հիմնավորմամբ, Աֆրիկյանների ակումբի շենքի քանդումը, Փակ շուկայի շենքի ճարտարապետական աղավաղումը և այլն… Մեր պայքարը երբևէ չի եղել մեկ շենքի, քարի կամ ծառի համար: Մենք` քաղաքացիներս, մշտապես պահանջել ենք և շարունակում ենք պահանջել Երևանում քաղաքաշինության կազմակերպման թափանցիկության, բաց հանրային քննարկումների, ճարտարապետական նախագծերի մրցույթների անցկացման քաղաքականության որդեգրում, արդեն իսկ ընդունված որոշումների և նախագծերի վերագնահատում և հարմարեցում հանրային շահին, և որոշ դեպքերում` ըստ հանրային շահի թելադրանքի` բացարձակ դադարեցում:
Եվ այստեղ մենք նկատի չունենք չինովնիկների կամայականություններին ծառայեցվող «հանրային գերակա շահ» հասկացությունը, այլ քաղաքացիներին, մեր իրավունքներին և քաղաքային միջավայրը ձևավորող և կրող արժեքներին նպաստող իրական հանրային շահը: Քաղաքային միջավայրի անդառնալի կորուստն արդեն իրականություն է, որը հնարավոր է դարձել համատարած անպատժելիության ու լիազոր մարմինների անպատասխանատու գործունեության արդյունքում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեծ աղմուկ է բարձրացել Ամիրյան 2 հասցեում իրականացվող կառուցապատման շուրջ: Քաղաքացիների պահանջով դադարեցվել են ֆասադային մասում քանդման աշխատանքները, ինչից հետո միայն պատկան մարմինները ուշադրություն դարձրեցին շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված խախտումներին: Ընդամենը մի քանի օր անց շինարարության հրապարակում տեղադրվեց շինթույլտվության և նախագծվող շինության պատկերի պաստառը: Մի քանի օրվա ընթացքում բազմաթիվ հակասական մեկնաբանություններ հնչեցին շենքի պատմության և շինարարության օրինականության վերաբերյալ. Երևանի Քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Այվազյանը հայտնեց, որ ֆասադային մասում քանդման աշխատանքներն արտոնված չեն և Քաղաքապետարանը վերահսկողություն կսահմանի Ամիրյան 2-ի շուրջ: Երկու օր անց այս մեկնաբանությունը հերքվեց Երևանի գլխավոր ճարտարապտ Տիգրան Բարսեղյանի կողմից, ով վստահեցրեց, որ քանդման ենթակա մասնաշենքը 1970-ականներին ավելացված կցակառույց է (նույն տեղեկությամբ քաղաքացիների ահազանգին պատասխանեց նաև Ոստիկանությունը` օրեր անց` այսպիսով նպատակահարմար չգտնելով ընթացք տալ հետագա քննությանը):
Նույն օրը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ Ամիրյան 2 հասցեում հուշարձանի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տրվի և պետք է շտկվեն շինարարության հետ կապված բոլոր անճշտությունները: Եվ ընդամենը մեկ օր անց ճարտարապետ Բորիս Քոչարյանը ներկայացրեց 1982թ. շինության վերականգնման աշխատանքների պատմությունը, որն ինքն է ղեկավարել, և որի ժամանակ որևէ նոր կառույց չի ավելացվել: Իրադարձությունների այս զարգացումը ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքի սրտում պատմական շինության շուրջ շինարարական (քանդման) աշխատանքներն ուղեկցվում են պատասխանատու մարմինների անտեղյակությամբ և տեղեկության անճշտությամբ: Եվ միայն քաղաքացիների բողոքն ու խնդրի հանրայնացումն է դրդում լիազոր մարմիններին` ուշացումով հետաքրքրվել սեփական պատասխանատվության տակ իրականացվող գործընթացներով, ինչի արդյունքում ստեղծվում է տեղեկատվական խառնաշփոթը, որի հետ այս պահին գործ ունենք: Ամիրյան 2-ի օրինակը համակարգում տիրող ընդհանուր թափթփված և անպատասխանատու վերաբերմունքի արտացոլումն է, կառույցների (ՀՀ կառավարություն, Քաղաքաշինության նախարարություն, Մշակույթի նախարարություն, Քաղաքապետարան, Ոստիկանություն և այլն) անհաշվետու և չհամաձայնեցված գործունեության հետևանքը: Եվ քանի դեռ որևէ մարմին պատասխանատվություն չի կրում նախկին սխալների համար՝ մենք կունենանք այսպիսի խնդիրներով հագեցած ներկա: Իրադրությունը շտկելու համար պետք է ապահովել գործընթացների առավելագույն թափանցիկություն և հաշվետվողականություն: Մասնավորապես, Ամիրյան 2-ի պարագայում անհրաժեշտ է, որ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակի հուշարձան շենքի անձնագիրը, անհրաժեշտ է վերանայել կառուցվելիք շինության նախագիծն ու առաջնորդվելով արդեն իսկ խեղված պատմական միջավայրից մեզ մնացած եզակի նմուշների պահպանման կարևորությամբ` նախագծում ներառել պատմական շինության ֆասադն ամբողջությամբ: Նույն սկզբունքները պետք է դրվեն Երևանի քաղաքաշինական բոլոր գործընթացների հիմքում:
Հանրությունն այսօր մտահոգված է նաև Աբովյան-Պուշկին-Սախարովի հրապարակ միջակայքում ընկած պատմական միջավայրի ճակատագրով, որտեղ նոր սեփականատիրոջ կողմից իրականացվող սեփականաշնորհման գործընթացներն արդեն մոտենում են ավարտին, մինչդեռ հանրությանը դեռ որևէ տեղեկություն չի փոխանցվել տեղում նախատեսվող կառուցապատման ծրագրերի վերաբերյալ: Փաստաթղթերի չհրապարակման, նախագծերի թաքուն քննարկման և հաստատման նման փակ գործելաոճը ենթադրում է բազմաթիվ կեղծիքների քողարկում պետական մարմինների կողմից, ինչը միանշանակ դատապարտում ենք և մերժում: Երևանի հանրային տարածքները չեն կարող նոր կարգավիճակ ստանալ` առանց քաղաքացիների համաձայնության: Մենք չենք դադարեցնի պայքարն ու պահանջատիրությունը` մինչև կիրականացվեն գործնական քայլեր՝ կեղծիքներով լի այս համակարգը ճեղքելու և փոխելու ուղղությամբ:
Մենք ենք այս քաղաքի տերը