Նոյեմբերի 1-ին Երկրապահ կամավորականների միությունում տեղի է ունեցել «Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում «Պատանի երկրապահ» ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել էին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր խթանել սովորողների հայրենասիրական դաստիարակությանը:
Ուղեցույցի նպատակն է օգնել ուսումնական հաստատություններին՝ պատշաճ մակարդակով իրականացնելու սովորողների հայրենասիրական դաստիարակությանը միտված միջոցառումները՝ ապահովելով դրանց արդյունավետությունը:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ հուշագրի նպատակը այլ կերպ է տեսնում:
Ավելին` Բախշյանը պնդում է, որ Երևանի գրեթե բոլոր մանկապարտեզները անհատույց օգտագործման տարածքներ են տրամադրել «Երկրապահ կամավորական միությանը»: Տարածքները նախատեսված է օգտագործել որպես գրասենյակներ: Նման գրասենյակներ, ըստ Բախշյանի` կան Երևանի հինգ վարչական շրջանների մանկապարտեզներում:
Անահիտ Բախշյանին հետևյալ հարցն է հուզում.
«ԵԿՄ-ն այդ տարածքները, որ անհատույց ստացել է, ի՞նչ է արել, ի՞նչ գործունեություն է ծավալել, արդյոք մեր հասարակությունը տեսե՞լ է այդ գործունեությունը, ո՞վ է վերահսկում այդ տարածքների նպատակային օգտագործման արդյունավետությունը: Գուցե ԿԳ նախարար պարոն Աշոտյանը գնացել, տեսել է: Ի՞նչ է արվել, որ հիմա այդ մակարդակով` ԿԳՆ- ԵԿՄ հուշագիր են ստորագրել, և ով է վերահսկելու այդ գործունեությունը: Կրթության վերահսկողությունը միայն նախարարության վերահսկողության տակ է: ԵԿՄ-ին ո՞վ պիտի վերահսկի, թե նա ինչ է անում: Արդյոք ԵԿՄ-ն մեր օրենքով նախատեսված ծրագրերից չի՞ շեղվելու, մեր երկրի որդեգրած քաղաքականությանը հակառակ բաներ չի՞ անելու»:
Անահիտ Բախշյանը այդ հուշագրի` իր անմիջական նպատակին ծառայելու երաշխիք ևս չի տեսնում:
«Մեր դպրոցներում, անկախ ԵԿՄ-ից, հայրենասիրական դաստիարակությունը տրվում է»,- եզրափակեց նա: