տուն Լուրեր Երեք ամսում միսը թանկացել է 1000-1400, իսկ կարագը` 800 դրամով

Երեք ամսում միսը թանկացել է 1000-1400, իսկ կարագը` 800 դրամով

132
0

Untitled

Մսի ու կարագի օրեցօր աճող գներն արդեն զգալի են: Միսը վերջին երեք ամիսների ընթացքում թանկացել է մոտ 1000-1400, իսկ կարագը` 800 դրամով:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն Araratnews.am-ի հետ զրույցում նշում է, որ թանկացումները հիմնականում լինում են աննկատ, միայն որոշ ժամանակ անց է սպառողը զգում որոշ ապրանքների գնաճը:

«Մեր երկրում գոյություն ունի զարգացման ծրագիր, որն ավելի բարձր է, քան օրենքները: Այդ ծրագրում գրված է, որ գները և սակագները պետք է ունենան աճի կայուն տեմպ, որը չպետք է գերազանցի  4,5 տոկոսը: Իսկ այն, ինչ տեսնում ենք, իրականում գերազանցում է 4,5 տոկոսը: Եթե մեզ մոտ գործեին տնտեսական օրենքներն ու օրինաչափությունները, գները կարող էին բարձրանալ 3-5 տոկոս, դա ընդունելի է, բայց մենք տեսնում ենք 20 տոկոս թանկացում»,- նշեց մեր զրուցակիցը, հավելելով, որ վերջին թանկացումներին առհասարակ ոչ մի տրամաբանական բացատրություն չկա:

Արմեն  Պողոսյանի խոսքով` թանկացումների պատճառն այն է, որ պետությունը  գյուղացուն համապատասխան օգնություն չի տրամադրում, և ոլորտում մենաշնորհները շատ են. «Մենաշնորհները սպանում են փոքրերին: Մեծ արտադրողն ու ներկրողն ունի անհամեմատ առավելություն, որից փոքրերը տուժում են, իսկ եթե լիներ մրցակցություն, դա կնպաստեր գների նվազեցմանը»:

Օրեցօր աճող գների մասին բարձրաձայնում են նաև խանութների վաճառողները: Նրանք բողոքում են, որ ամեն անգամ ապրանք ստանալուց նույն ապրանքը թանկանում է 10-20 դրամով, և շաբաթներ անց ստացվում, որ ապրանքի գինն այնքան է աստիճանաբար աճել, որ գնաճը հասնում է մի քանի 100 դրամի:

Երեկ Araratnews.am-ը եղել էր երևանյան թիվ 2 շուկայում (ԳՈՒՄ-ի շուկա), որտեղ մսավաճառները փաստում են, որ միսը թանկացել է, և թանկացել է ոչ միայն տեղական, այլ նաև սառեցված միսը` նորից անհիմն:

Էմմա Հովսեփյան