տուն Լուրեր Երեկ ես զգացի ալիևյան նավթադոլարների հոտ՝ Վահրամ Բաղդասարյանը` Զարուհի Փոստանջյանի ելույթի մասին

Երեկ ես զգացի ալիևյան նավթադոլարների հոտ՝ Վահրամ Բաղդասարյանը` Զարուհի Փոստանջյանի ելույթի մասին

166
0

Vahram Baghdasaryan

ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանն, այսօր Աժ-ում ելույթ ունենալով, անդրադարձավ երեկ Աժ դահլիճում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին:

«Պետք է անդրադառնամ երեկ տեղի ունեցածին: Քանի որ մեր գործընկերներից ոմանք խոսում էին այստեղ  դատավորի, ազգային անվտանգության ներկայացուցչի անունից: Նախ հիշեցվում էր հանցագործությունների մասին, ինչը խորհուրդ չէի տա անել: Խոսել 1990-ականների դեպքերից, հիշել այդ մարդկանց վերքերն ու բորբոքել դրանք: Այս ամբիոնից խոսվեց պետական դավաճանության մասին: Մենք ականատես եղանք պետական դավաճանության դասական օրինակի, երբ Հայոց խորդրադանի ամբիոնը օգտագործվում էր Ադրբեջանին ու Թուրքիային կեղծ նյութեր տրամադրելու համար: Եթե ուշադիր լինենք, դա տեղի էր ունենաում այն ժամանակ, երբ մեր երկրի նախագահը պետք է հանդիպեր ոչ բարեկամ երկրի նախագահի հետ: Հասկանում եմ, Արևմուտքից մեծ գումարներ են հոսում այս մարդկանց գրպանները, որոնցով նրանք իրենք ընտանիքն են պահում: Երեկ ես զգացի ալիևյան նավթադոլարների հոտ, պարզվում է` ֆինանսավորման ձևը փոխվել է»,- իր խոսքում ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանի ելույթի ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Աժ նախագահից պահանջեց ընդհատել ելույթը, ինչին ի պատասխան Վահրամ Բաղդասարյանը, դիմելով Աժ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց.

«Կարծում եմ` Ձեր իրավասությունների մեջ է մտնում նման ամբարտավաններին պատժելը»:

Այնուհետև, շարունակելով ելույթը, ՀՀԿ պատգամավորն ասաց.

«Ուզում եմ բոլոր պոռոտախոսներին հարցնել. «Ի՞նչ եք արել երկրի համար: Բոլորս խոսում ենք փոփոխությունների մասին, բայց ոչ ոք չի փորձում սկսել իրենից: Այստեղ խոսվում է «Կանոնակարգ օրենք»-ում փոփոխություններ մտցնելու մասին, հասկանում եմ, այդ պատգամավորն իր համար է դա անում, բայց ուզում եմ, որ նախ ինքը փոխվի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի աշխատանքին, նա ասաց.

«Մենք գնահատում ենք ՄԻՊ-ի քրտնաջան աշխատանքը, բայց , սիրելիս, դա չի նշանակում, որ դուք այս դահլիճում պետք է հանձնարարականներ տաք պատգամավորներին: Դուք հրավիրում եք միջոցառումներ, բայց ինքներդ չեք մասնակցում: Խորհուրդ կտամ, որ Ձեր անկախությունը հաստատելու համար չմեղադրեք Աժ պատգամավորներին ու նրանց հանձնարարականներ չտաք: Հասկանում եմ, տարիքի հետ է կապված: Խնդրում եմ՝ փոխվեք ինքներդ ու աշխատեք Աժ հանձնաժողովների հետ»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը: