Ո՞ր դեպքում մաշկը կարող է չընդունել արևայրուք. պարզաբանում է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի բժիշկ-կոսմետոլոգ Գոհար Չոբանյանը:
— Գեղեցիկ արևայրուքն ամռանը միշտ նորաձև է, սակայն ոչ միշտ է արևայրուքը լինում գեղեցիկ, ի՞նչ վնաս կարող են հասցնել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մեր մաշկին:
-Հատկապես երիտասարդների շրջանում այնքան մեծ է գեղեցիկ ու նորաձև արևայրուք ունենալու ցանկությունը, որ հաճախ նրանք անտեսում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցության հետևանքները: Ասեմ, որ պետք է խուսափել ինչպես արևի ուղիղ ճառագայթներից, այնպես էլ շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից` ձեռնարկելով պաշտպանիչ որոշակի միջոցներ: Արևի տակ չի կարելի գտնվել ժամը 11:00-ից-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Ամռանն անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել` դրանով իսկ ապահովելով մաշկի հիդրատացիան, հովանոց, գլխարկ, ակնոց արևապաշտպան քսուքներ` սրանք այն կարևորագույն պարագաներն են, որոնք անհրաժեշտ է ունենալ այրվածքներից զերծ մնալու նպատակով: Ամռանը ցանակալի է օգտագործել թեթև սնունդ, հատկապես մրգեր ու բանջարեղեններ, որոնք հարուստ են Е և C վիտամիններով: Իհարկե մարդու օրգանիզմին անհրաժեշտ է որոշակի չափով արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ընդունումը, սակայն այն ստանալու համար օրվա մեջ պետք է ճիշտ ժամանակ ընտրել, որպեսզի արևի ճառագայթները օգուտի փոխարեն վնաս չհասցնեն:
-Ի՞նչ հակացուցումներ կան արևայրուքի ընդունման ժամանակ:
-Նախ ասեմ, որ արևայրուքն օգտակար է ոչ բոլորին, քանի որ մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական գործոն են համարվում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները: Սովորաբար մարդկանց մեծամասնության մոտ լինում են տարբեր տիպի պիգմենտային բծեր կամ գոյացություններ, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո կարող են ենթարկվել փոփոխությունների և դառնալ չարորակ գոյացություններ: Արևի ակտիվ ճառագայթներից պետք է հատկապես խուսափեն բաց գույնի մաշկ, մազեր, աչքեր ունեցող մարդիկ, քանի որ մաշկի բաց գույնը հուշում է մելանինի անբավարար քանակության մասին: Արևի ակտիվ ճառագայթներից պետք խուսափեն նաև տարեց մարդիկ, մինչև 2 տարեկան երեխաները, հղի կանայք, ինչպես նաև թոքերի, սիրտանոթային համակարգի և այլ հիվանդություններ ունեցող մարդիկ։
-Կա՞ն մարդիկ, որոնց մաշկը չի ընդունում արևայրուք, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Նման մարդկանց մոտ հիմնական դեպքերում նկատվում է բարձր զգայունություն արևի ճառագայթների նկատմամբ, ինչը պայմանավորված է մաշկում մելանինի անբավարար քանակության կամ լրիվ բացակայության հետ։ Այդպիսի մարդկանց մաշկը չի թխանում, այլ կարմրում է, և առաջանում են այրվածքներ, սակայն պատճառ կարող են հանդիսանալ նաև հիվանդությունները օրինակ` լյարդի ֆունկցիայի խանգարումը, ալկոհոլի չարաշահումը կամ տարբեր ժառանգական նախատրամադրվածությունները։ Սովորաբար այս դասին պատկանող մարդկանց խորհուրդ չի տրվում արևի տակ մնալ։ Կան նաև մարդիկ, որոնց մաշկում մելանին պարունակող բջիջներն անհավասար են տեղաբաշխված, և արևի տակ մնալուց մաշկի տարբեր հատվածներում կարող են առաջանալ լաքաներ։
-Ի՞նչ միջոցներ կիրառել, եթե այնուամենայնիվ մարդն արևահարվել է :
-Նախ ասեմ, որ այնուամենայնիվ արևայրուքը բժշկական տեսանկյունից համարվում է առաջին կարգի այրվածք և խորհուրդ է տրվում նման դեպքում օգտագործել խոնավեցնող քսուքներ, որոնք պարունակում են A և E վիտամիններ, բայց ծայրահեղ դեպքում կարելի է կիրառել նաև այն միջոցները, որոնք սովորաբար կիրառվում են այրվածքների դեպքում: Որքան էլ գեղեցիկ և նորաձև լինի արևայրուքը, պետք է հիշել, որ առողջությունն ավելի թանկ է և ամեն ինչ պետք է չափավոր անել, նորաձևության զոհ չդառնալու համար: