Երբ Ռուսաստանը հայտարարեց ԵՄ երկրների նկատմամբ իր պատասխան պատժամիջոցների մասին, Հայաստանում կանխատեսումներ եղան, որ ռուսական շուկայում մեր երկրի համար ստեղծվել են լայն հնարավորություններ արտահանման ծավալների մեծացման հետ կապված: Իսկ այսօր, երբ այս պատժամիջոցներից տևական ժամանակ է անցել, մեր երկրում գործարարները, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հայտարարում են, որ պատրաստ չեն արտադրության ու արտահանման ծավալների մեծացմանը: Այստեղ պարզ ու տեսանելի դարձավ, որ իրականում ռուսական շուկան միշտ էլ բաց է եղել Հայաստանից արտահանվող ապրանքների համար, խնդիրը այս դեպքում` ներքին տնտեսական միջավայրի հետ է կապված: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հաստատում է պնդումը, որ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէր ու չէր կարող այս կարճ ժամանակում մեծացնել արտահանման ծավալները:
«Իրականում ռուսական և, ընդհանրապես, Եվրասիական միության շուկան միշտ էլ բաց է եղել` հաշվի առնելով, որ ազատ առևտրի համաձայնագիր է եղել այդ երկրների հետ և Հայաստանի տնտեսության համար սահմանափակումներ չեն եղել: Բայց Հայաստանը պատրաստ չէ: Եվ չէր էլ կարող Հայաստանի տնտեսությունը այս կարճ ժամանակում փոխել իր զարգացման տրամաբանությունը` կտրուկ մեծացնել արտահանման ծավալները»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ տնտեսագետի` վիճակագրական տվյալներում ևս որևէ փոփոխություն չկա:
«Պարզապես մեզ մոտ այս ժամանակահատվածում հիմնականում արտահանման ենթակա է լինում գյուղատնտեսական արտադրանքը: Այս տարվա գյուղատնտեսական արտադրանքում մեծացել է դեղձի ծավալը` նախորդ տարվա ծիրանի փոխարեն: Բայց որպես նոր շուկա օգտվելու հնարավորությունը չենք օգտագործել և չէինք էլ կարող: Մեր տնտեսությունը իր այսօրվա կառուցվածքով, իր պոտենցիալով պատրաստ չէ այդ լավ իմաստով «ագրեսիվ» քաղաքականության»,-նշում է տնտեսագետը:
Սա, Վահագն Խաչատրյանի դիտարկման, քաղաքական խնդիր է: Այսինքն` պետք է տնտեսվարողին ուղղակի մեսիջ ուղարկվի, որ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը փոխվում է, իշխանության ու կառավարության միջամտությունը տնտեսվարողների գործերին մինիմալի է հասցվում, փոքր և միջին բիզնեսի զարգացման հնարավորություններն են մեծացվում, մենաշնորհների արտոնությունները կամ հովանավորությունը ընդհանրապես վերացվում է, ինչպես նաև` ներդրումային միջավայր է ստեղծվում: Ի տարբերություն քաղաքական գործիչների, որոնք հիմնականում միայն խոսում են, գործարարները այլ ձևով են աշխատում:
«Երբ Հայաստանում ներդրումները շատանան, դա արդեն ազդանշան կլինի, որ մեզ մոտ իրավիճակ է փոխվել: Բայց քանի որ մեզ մոտ ներսի ներդրողներ չկան, նշանակում է, որ մեզ մոտ տնտեսությունը բարենպաստ չէ: Գործարարները պետք է իմանան, որ իրենց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը պայմանավորված չէ նրանով, որ իրենք այս կամ այն պաշտոնյայի հովանավորությանն են արժանացել»,- եզրափակեց նա: