տուն Լուրեր Երազանքս է Հայաստանում առողջապահության մակարդակը բարձրացնել. ամերիկահայ բարերար

Երազանքս է Հայաստանում առողջապահության մակարդակը բարձրացնել. ամերիկահայ բարերար

158
0

sarian1

Ինձ համար բժշկությունը և քաղաքականությունը գրեթե հավասարազոր բաներ են, երկուսի դեպքում էլ գործ ունես մարդու կյանքի և առողջության հետ: ԱՄՆ-ում հայապահպանության դժվարությունների, հայ-ամերիկյան հարաբերությունների և այլ հարցերի մասին Araratnews.am-ը զրուցեց ամերիկահայ, գործարար, բարերար Prime Health Care-ի (Օնտարիո, Կալիֆորնիա) նախագահ, առողջապահության ոլորտի պատասխանատու, գործող բժիշկ Մայք Սարյանի հետ: Նրա հետ խոսել ենք նաև իր ընտանեկան պատմության, երազանքների և Հայաստանի հետ կապված նպատակների մասին:

Պարո՛ն Սարյան, ինչո՞ւ ընտրեցիք հենց բժշկության ոլորտը:

Փոքրուց եմ ցանկացել այս մասնագիտությունն ունենալ: Ես ցանկանում էի օգնել, լինել այն մարդկանց կողքին, ովքեր հիվանդանոց գնալու և բժշկի կարիք ունեին: Ու որոշեցի ընտրել այս մասնագիտությունը և արդեն շուրջ 30 տարի է այս գործի մեջ եմ:

Այսօր բժշկությունը միակ մասնագիտությունը չէ, որ ունեք, Դուք նաև զբաղվում եք բիզնեսով և քաղաքականությամբ: Նշվածներից ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ:

Իմ մասնագիտությունը` բժշկությունը, ինձ համար շատ սիրելի է, որովհետև այն հնարավորություն է տալիս շտկել մարդկանց առողջությունը, նրանց կյանքն ավելի լավը դարձնել: Նույնն էլ քաղաքականությունն է, որովհետև լավ ղեկավարը, քաղաքական գործիչը կարող է երկրի համար այնպիսի բաներ անել, որ մարդկանց կյանքը բարելավվի, ավելի լավը դառնա: Ինձ համար քաղաքականությունը բժշկությունից հետո երկրորդ կարևոր բանն է: Երկրի ղեկավարությունը շատ կարևոր դեր է խաղում երկրի բարգավաճման, առաջընթացի հարցում, և եթե լինեն սխալ ղեկավարներ, երկիրը կարող են հետընթացի տանել:

Եվ այս երկուսն էլ իրականում շատ կարևոր են` առողջապահությունը, որը հոգում է մարդկանց առողջության համար, և քաղաքականությունը, որը հոգում է երկրի անվտանգության, տնտեսության և այլնի համար, որովհետև առանց տնտեսության անկարելի է առաջ գնալ:

58

Ձեր գործունեության ընթացքում, լինի առողջապահության և քաղաքականության ոլորտում, Դուք չեք մոռանում նաև Հայաստանի մասին և ամեն կերպ փորձում եք օգտակար լինել: Կառանձնացնե՞ք այն կարևորները, որոնք արել եք հայրենիքի համար:

Հայաստանը բախտավոր է, որովհետև մեծ սփյուռք ունի, 7 մլն հայեր են ապրում աշխարհի տարբեր քաղաքներում: Այսպիսով, Հայաստանի մեծագույն հզորությունը, գանձը սփյուռքահայությունն է: Եվ սփյուռքի հայերը պետք է օգտակար լինեն Հայաստանին, ներդրումներ անեն տարբեր ոլորտներում, որովհետև մենք տարբեր մասնագիտություններ ունենք, և մեր գործունեության շրջանակներում կարող ենք օգտակար լինել Հայաստանին:

Կարևոր է, որ սփյուռքի հայտնի անձինք, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ և լավ գաղափար, օգտակար լինեն Հայաստանին` լինի տեխնոլոգիաների, մշակույթի թե այլ բնագավառներում:

Արդեն 4 տարուց ավելի է` ես առղջապահության նախարարությանը բավականին անհրաժեշտ գործիքներ, սարքավորումներ եմ ուղարկել ու փորձում եմ օգուտ տալ Հայաստանին: Այսօր ես նաև զբաղվում եմ հիվանդանոցների ղեկավարությամբ և իմ աշխատանքով փորձում եմ ամեն բան անել հայրենիքիս համար:

Հիմա նպատակ ունեմ օգտակար լինել ոչ միայն Հայաստանին, այլ նաև Արցախին: Անընդհատ մտքիս է, որ հայ զինվորի համար ինչ-որ բան անեմ:

Վերջապես, ես ցանկանում եմ, որ Հայաստանում բժշկության մակարդակը բարձրանա և հասնի եվրոպական, ամերիկյան ստանդարտներին: Վերապատրաստումներ լինեն, սարքավորումներ լինեն, անընդհատ զարգացում լինի այս ոլորտում, որ մարդիկ հենց Հայաստանում օգնություն ստանան: Եվ բժշկվելու համար ոչ թե Հայաստանից արտերկիր գնան, այլ ուրիշ տեղերից գան մեր երկիր:

Իսկ Հայաստանում որո՞նք են այն հիմնական բացթողումները, խնդիրները, որոնց լուծումը առաջնային պետք է լինի:

Օրինակ` Հայաստանի հիվանդանոցները չունեն  միջազգային հավատարմագրում ` Եվրոպայի համար ընդունված է որպես DNV, իսկ ամերիկյան հասարակության համար՝ Joint Commission: Այս երկու ստանդարտները համաշխարհային ճանաչում ունեն. սրանք են հավատարմագրումների հիմքը:  Եվ Հայաստանում այս որակյալ ստանդարտները պետք է դրվեն: Սակայն, 3-5 տարի է հարկավոր, որ այս ստանդարտները գործեն: Կարևոր է, որ այդ ամենը չարվի սխալ ձևով, չարվեն սխալ գործողություններ` ի վնաս հիվանդների:

Չափազանց կարևոր է, որ դրսում գտնվող մարդիկ վստահեն հայկական հիվանդանոցներին, վստահ լինեն, որ Հայաստանի հիվանդանոցներում գործում են այս եվրոպական և ամերիկյան ստանդարտները: Հիվանդանոցներում բժշկական սխալները պետք է հասցվեն 0-ի: Այս ստանդարտները պետք է դրվեն, որ դրսի մարդիկ գան և վստահ լինեն, որ որակյալ բուժում կստանան:

Առանց այս ստանդարտների առողջապահության մակարդակ չի կարող լինել: Հուսով եմ, որ Հայաստանը մի օր կունենա այս ստանդարտները: Ես մոտ 50 հիվանդանոց եմ ղեկավարում ԱՄՆ-ում,  և բոլորն էլ ունեն այս ստանդարտները:  Առանց դրա չես կարող, կարևոր է դա: Ինչը որ մենք այսօր պետք է անենք, ես 3000-4000 գործիք պետք է ուղարկեմ Հայաստան՝ նարկոզի և շնչառական սարքավորումներ, տպագրական սարքեր և այլն:

Ասացիք, որ նաև մտքեր կան Արցախի հետ կապված, մոտ ապագայում կա՞ն ծրագրեր, որոնք ուղղված կլինեն հենց Արցախի առողջապահության ոլորտում փոփոխություններին:

Ես Արցախի պաշտպանության նախարարի հետ եմ խոսել, ասացի որ ցանկանում եմ` զինվորներն առաջին բուժօգնությունն ունենան: Հիմա պետք է շտապօգնության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները ուղարկենք Ղարաբաղ, որ հայ զինվորը պետք եկած ժամանակ, երբ վիրավորում ստացած կլինի, միանգամից օգնություն ստանա, նույն ժամին և չսպասի, մինչև իրեն կհասցնեն Ստեփանակերտ կամ Երևան: Ես դա պետք է ուղարկեմ իրենց համար, որովհետև սահմանին մեր եղբայրներն են, ովքեր կպաշտպանեն մեր հողերը: Եվ ուրիշ այլ գործիքներ էլ պետք է ուղարկենք թե՛ Ղարաբաղ, թե՛ Հայաստանի տարբեր շրջաններ:

Պարո՛ն Սարյան, ի՞նչ հարաբերություններ ունեք ԱՄՆ-ի իշխանությունների հետ և այդ ոլորտում Հայաստանի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան:

Այստեղ ազդեցիկ մարդկան շրջանում բավականին ընկերներ ունեմ, ես` որպես ամերիկահայ, հանդիպել եմ ԱՄՆ-ի երկու նախագահների` Քլինթոնի և Օբամայի հետ: Տարբեր հանդիպումների ժամանակ միշտ խոսել եմ հայ ժողովրդի մասին, կոչ արել օգտակար լինել Հայաստանին:

Կարևորը` որ ամերիկյան կառավարությունը բարեկամ լինի Հայաստանին: Տեսակետ կա, որ Հայաստանը մոտ է միայն Ռուսաստանի հետ, բայց դա սխալ է, մենք կապեր ունենք և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի հետ:  Եվ այսօր մենք ապրում ենք Ամերիկայում ու կուզենք, որ այս երկիրը բարեկամ լինի Հայաստանին:

Գո՞հ եք այսօրվա հայամերիկյան հարաբերություններից:

Այո՛, բայց ցանկանում եմ, որ այդ հարաբերությունները, որ մենք հաստատել ենք այս 25 տարվա մեջ, հիմա ավելի բարելավվեն ու ավելի լավանան:

Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը

Ես այսքան ժամանակ բնավ Հայաստանում չեմ եղել, բայց ես Լիբանանում հաճախել եմ հայկական դպրոց: Եվ ինձ համար Հայաստանը ամեն մի հայի տունն է, մեր ժողովրդի օջախն է: Առանց Հայաստանի հայ ժողովուրդը չի լինի: Մենք սփյուռքի մեջ հայեր ենք, օրինակ` ես ծնվել եմ Լիբանանում, աղջիկս ծնվել է Ամերիկայում, բայց մենք քանի որ հայ ենք, մեր օջախը Հայաստանն է: Սփյուռք և Հայաստան` մենք պետք է ջանք չխնայենք մեր հայրենիքը պահպանելու համար:

Այսօր, դժբախտաբար, մարդիկ լքում են Հայաստանը, որովհետև տնտեսությունը տկար վիճակում է: Այս հարցով ես շատ մտահոգ եմ, կուզեմ, որ Հայաստանը զորանա, բարգավաճ երկիր լինի, որ մեր հայ ժողովուրդը լավ ապրի, փոխանակ աղքատ լինելուն, հարուստ լինի: Արդեն հարուստ ենք մշակույթով` երաժշտությամբ, գրականությամբ, բայց կուզեմ, որ հարուստ լինենք նաև տնտեսապես: Մեր ժողովուրդը խելացի է, ու վստահ եմ, որ մենք դրան կհասնենք, եթե սփյուռքը և Հայաստանը միացյալ աշխատեն:

Նպատակ ունե՞ք Հայաստան գալու:

Արդեն քանի տարի է` ցանկանում եմ Հայաստան գալ, բայց ժամանակ չի լինում: Շատ եմ ուզում գալ Հայաստան ու տարբեր շրջաններով պտտվել: Այդտեղ շատ մարդկանց հետ եմ խոսել` բժիշկների, առողջապահության նախարարի, որոշակի գաղափարներ ունեմ, որ ուզում եմ կիսվել նրանց հետ, փորձենք կամաց-կամաց մեր առողջապահության համակարգի մակարդակը բարձրացնել, ավելի լավը դարձնել. դա է իմ նպատակը:

Պարո՛ն Սարյան, կպատմեք` ինչպե՞ս հասաք ԱՄՆ, որտեղի՞ց են Ձեր նախնիները:

Իմ մեծ հայրը Բալուից էր, մեծ մայրս` Ադանայից, նրանք ամուսնացել են այնտեղ: Ցեղասպանության ժամանակ իրենց ուղարկել են Դեր Զոր, որտեղ էլ 4 տարի ապրել են: Հետո եկել են Լիբանան, հայրս այնտեղ է ծնվել: 50 տարի Լիբանանում ապրելուց հետո 1976 թվականին այնտեղի պատերազմի պատճառով, երբ արդեն 14 տարեկան էի, եկանք ու հաստատվեցինք ԱՄՆ-ում:

Հայաստանից դուրս դժվա՞ր է հայ մնալը:

Այս հարցը ինձ միշտ  մտահոգում է, հայապահպանությունը դժվար է Հայաստանից դուրս: Մարդիկ զարմանում են, որ ես լավ հայերեն եմ խոսում, որովհետև Լիբանանում ես հայկական նախակրթարան, հայկական դպրոց եմ գնացել: Բայց հիմա նոր սերունդը քիչ-քիչ սկսել է հայկական դպրոց չգնալ, ավելի շատ ամերիկյան դպրոց են գնում: Հիմա իմ աղջիկը 7 տարեկան է, նրան հայկական դպրոց ենք տարել, որովհետև վստահ եմ, որ հայ դպրոցը երեխային հայ կպահի: Բայց հիմա նաև դժվար է հայկական դպրոցներ պահելը: Անցած տարի 1,5 մլն դոլար տվեցի, որ մեկ հայկական դպրոց փրկվի:

Հայկական դպրոցները սփյուռքում շատ կարևոր են, և ես ցանկանում եմ, որ իմ աղջիկը հայերեն սովորի ու հիմա էլ սովորում է, որ իմ զավակները, չնայած ԱՄՆ քաղաքացիներ լինեն, բայց հայ մնան, նաև կուզեմ Հայաստանում տուն ունենալ:

Իսկ ի՞նչ երազանքներ ունեք այսօր:

Իմ երազանքն  է, որ մեր ժողովուրդը բարգավաճի, որ հայ ժողովուրդը լավ ապրի: Ուզում եմ զորավոր երկիր լինենք ու մենք բոլորս հպարտանանք տարբեր ոլորտներում` գիտության, առողջապահության, տեխնոլոգիաների, մեծ հաջողություններ ունենանք, ժողովրդավարական երկիր լինենք: Երազանքս դա է. մեր ժողովուրդը շատ է չարչարվել, ու հիմա ուզում եմ, որ լավ ապրի:

Էմմա Հովսեփյան