ԵԼՔ դաշինքը կմասնակցի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 12-ին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց դաշինքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը, հավելելով, որ այդ օրը գումարվելու է ավագանու հաջորդ նիստը, որի ընթացքում էլ տեղի կունենա հիշյալ միջոցառումը: «Մենք ներկա կլինենք, որովհետեւ մենք ընտրվել ենք ավագանի, որպեսզի քաղաքապետարանում աշխատենք, եւ քաղաքապետարանը չի պատկանում որեւիցե մեկին, քաղաքապետարանը երեւանցիներինն է, եւ մենք նրանց կողմից պատվիրակված ենք աշխատելու, անկախ նրանից` ով այնտեղ կլինի»,- ասաց Սիմոնյանը, չհամաձայնելով դիտարկմանը, թե այն ակնարկ էր մյուս ընդդիմադիր ուժին՝ «Երկիր ծիրանի» կուսակցությանը:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի կուսակցության ավագանու անդամներն այսօր Երեւանի ավագանու առաջին նիստին չեն մասնակցել, փոխարենը՝ դրսում «այլընտրանքային» նիստ էին հրավիրել:
Ալեն Սիմոնյանը հարցադրում արեց, թե ինչու՞ չպետք է վերցնեին մանդատները: Նրա խոսքով` իրենք բակ առ բակ հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ, 70 հազար քաղաքացի իրենց ընտրել է, վստահության քվե են ստացել, եւ, հետեւաբար, պատվիրակված են քաղաքացիների կողմից:
Հարցին, թե «Երկիր ծիրանի» կուսակցությունը հայտարարել է, որ այսօրվանից սկսում են Երեւանի քաղաքապետարանի գրավումը, եւ որ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի են վերածելու, որն է լինելու ԵԼՔ-ի մարտավարությունը: Ի պատասխան Սիմոնյանն ասաց. «Ինչ-որ մեկի դեմ մարտավարությունը, տարիների փորձը ցույց տվեց, հաջողության չի բերում, կա մարտավարություն՝ հանուն: Մենք վերածելու ենք այդ գործիքը կոնկրետ հարցեր լուծելու` հօգուտ ժողովրդի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵԼՔ ավագանու անդամները քննարկելու են Երեւանում առկա բոլոր խնդիրները եւ դրանք լուծելու ուղղությամբ քայլեր կձեռնարկեն: Ալեն Սիմոնյանը նշեց, թե բոլոր այն ծրագրերում, որոնք միտված են Երեւանում առկա խնդիրների կարգավորմանը, իրենք կաշկանդված չեն լինի համագործակցել ՀՀԿ-ի հետ: