Այսօր Ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ՝ 87 կողմ, 7 դեմ, ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Ըստ փաստաթղթի՝ հայ-ռուսական միացյալ զորքերի կազմը որոշում են լիազոր մարմինները, որը, ըստ համաձայնագրի, երկու երկրների պաշտպանության նախարարություններն են: Լիազորված մարմինները, ռազմաքաղաքական իրավիճակի համապատասխան վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա, հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը և զորքերի կիրառման ընդհանուր մտահղացումը, տալիս են իրավիճակի գնահատականը։
Ըստ փաստաթղթի՝ միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին:
Այս օրինագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» դաշինքը, որի անդամները երեկ մտահոգություն էին հայտնել օրինագծի մասին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ