տուն Լուրեր «Ելք» խմբակցությունը դեմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը (տեսանյութ)

«Ելք» խմբակցությունը դեմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը (տեսանյութ)

99
0

«Ելք» դաշինքը կհանդիպի ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

«Այդ հանդիպումը մեծ հաշվով «Ելքի» քվեարկության վրա չի անդրադառնա։ «Ելքն» իր սեփական թեկնածուին է փորձել առաջադրել, թեև ֆորմալ առումով դա չստացվեց, որովհետև անհրաժեշտ ձայների համար ստորագրություն չհավաքվեց, բայց «Ելքը» պիտի շարունակի իր թեկնածուի վերաբերյալ քարոզչությունը»,- նշեց Միրզոյանը։

Նա ասաց, թե  Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի հետ կապված ծանր բեռը չի կիսում, ու նրա անունը չի կապվում ՀՀԿ-ի անվան շուրջ եղած սկանդալների հետ, բայց Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն է, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է։

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ եթե Հանրապետականը վստահ է, որ Արմեն Սարգսյանը շատ առումներով գերադասելի թեկնածու է, ու ցանկացած այլ թեկնածություն մրցակցությունից դուրս է, ապա Հանրապետականը կարող է Արտակ Զեյնալյանի առաջադրման համար պակասող 18 ստորագրությունն ինքն ապահովել՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ ու բանավեճեր ծավալել։

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հույս է հայտնել մեկ փուլով անցկացնել նախագահական ընտրությունները, իսկ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձայները չեն բավարարի մեկ փուլով դրանք անցկացնելու համար, հետևաբար ո՞ր խորհրդարանական ուժը կսատարի ՀՀԿ-ի թեկնածուին, Արարատ Միրզոյանն ասաց. «Կարծում եմ՝ բացահայտում արած չեմ լինի՝ «Ծառուկյան» դաշինքը»։

«Ելք խմբակցության պատգամավորները միեւնույն ժամանակ նշեցին, որ հանդիպումը Արմեն Սարգսյանի հետ էական փոփոխություն չի մտցնի իրենց որոշման մեջ, եւ իրենք դեմ են քվեարկելու:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:


Փայլակ Ֆահրադյան