տուն Լուրեր «Ելք»-ը 4-րդ ընդմիջումը վերցրեց. Աղվան Վարդանյանը դա համարեց քաղաքական պատանդառություն

«Ելք»-ը 4-րդ ընդմիջումը վերցրեց. Աղվան Վարդանյանը դա համարեց քաղաքական պատանդառություն

110
0

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ելք» խմբակցության պատգամավորներին հորդորեց թույլ տալ խորհրդարանի աշխատանքները բնականոն հունով շարունակել՝ հաշվի առնելով Ազգային ժողովում առկա մարդկային գործոնն ու գործընկերային հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ելք» խմբակցության կողմից վերցված 3-րդ 20 րոպեանոց ընդմիջումից հետո վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Ես դիմում եմ «Ելք» խմբակցության մեր գործընկերներին: Մենք հարգում ենք կանոնակարգային ձեր իրավունքը՝ ամեն քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնել: Բայց ես ենթադրում եմ, որ ըստ կանոնակարգի ոգու այդ իրավունքը տրված է, որպեսզի դու այդ ընդմիջումը վերցնես, երբ դիրքորոշում ճշտելու, հստակեցնելու խնդիր կա: Ես հասկանում եմ, որ դուք այս եղանակով քաղաքական դիրքորոշում եք արտահայտում՝ ինչ-որ խնդիր լուծելու համար, բայց հավատացեք, որ այդ խնդիրը համարժեք չէ այն մարդկային գործոնին, գործընկերային հարաբերություններին, որ կա Ազգային ժողովում: Սա ոչ թե խնդրի լուծում է, այլ քաղաքական պատանդառության է նմանվում: Ես իմ գործընկերներին հորդորում եմ փոքր բանի համար մեծ բաներ չզոհել և թույլ տալ բնականոն աշխատել»,- ասաց Վարդանյանը: Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա կրկին հայտարարեց, որ «Ելք» խմբակցությունն օգտվում է ԱԺ կանոնակարգի 63-րդ հոդվածի երրորդ կետից և կրկին 20 րոպե ընդմիջում վերցնում: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կրկին 20 րոպե ընդմիջում հայտարարեց: