տուն Լուրեր Եկեք այսօրվա իրողությունները հին արշիններով չչափենք

Եկեք այսօրվա իրողությունները հին արշիններով չչափենք

135
0

Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը։ Այս մասին հայ-իտալական բիզնես ֆորումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուի պարտությանն Աբովյանում։

«Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն։ Եվ եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ Հանրապետականի մենաշնորհի վերացման անհրաժեշտությունը կար, որից բոլորն էին խոսում։ Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունն այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը։ Եվ իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուին հաղթանակի հասցնելու համար։ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանությունը»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը շեշտեց, որ Աբովյանում երեկ տեղի ունեցած միջադեպերը և քրեական գործի հարուցումը կապ չունեն ընտրությունների հետ։

Դիտարկմանը՝ միգուցե այս պարտության պատճառը ՔՊ-ի վարկանիշի անկո՞ւմն է․ «Ուղիղ մեկ տարի առաջ հեղափոխությունից երկու ամիս հետո մեր թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում։ Դրանից հետո տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, և «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում։ Եկեք այսօրվա իրողությունները հին արշիններով չչափենք»,- ասաց նա։