Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահը սգում են բոլորը: Մարդիկ, ովքեր ճանաչում են, մարդիկ, ովքեր երբեք չեն տեսել Սարգսյանին: Նախորդ տարվա հայտնի իրադարձություններից հետո, սակայն, Արթուր Սարգսյանը դարձել էր բոլորի հարազատը: Նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվողները շատ էին: Արթուր Սարգսյանը քիչ առաջ մահացավ:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարբեր օգտատերեր գրառումներ են անում` իրենց ցավակցությունը հայտնելով Սարգսյանի հարազատներին: Aratatnews.am-ն առանձնացրել է գրառումներից մի քանիսը:
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Արթուր Սարգսյանի լուսանկարը` կատարելով հետեւյալ գրառումը. «Եկավ, հաղթեց, գնաց…»
Կար Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում էլ կարդում ենք.
«Ցավում եմ, այսօր հանրապետական հիվանդանոցում մահացավ Արթուր Սարգսյանը (Հաց Բերողը):
Աստված հոգին լուսավորի»:
«Խոսքեր չեմ գտնում ցավս արտահայտելու համար, տեղեկացա ու պապանձվեցի, մահացել է Արթուր Սարգսյանը` Հաց Բերողը, իշխանությունները դանդաղ սպանեցին էդ մարդուն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շուշաննա Կարապետյանը.
«Հաց Բերող Արթուրը մահացավ։ Ափսոս… իշխանությունը թող հիմա պատասխան տա». Արթուր Հայրապետյանի գրառումը:
Անահիտ Սահակյանն էլ գրում է. «Մահացավ ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ: Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի մահը մնաց քննիչների ու դատավորների խղճին:
Արթուր Սարգսյանին սպանեցին, էս տականք իրավիճակում Մարդ լինելու համար՝ հաց բերելու համար, խիղճ ունենալու համար: Դրանով սպանում են ամեն մեկի մեջ գտնվող Մարդուն: Ցավակցում եմ հարազատներին ու մեզ բոլորիս»:
Խորեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը:
Արթուր Սարգսյան Հաց Բերող… Մարդ, ով չպետք է ծնվեր մեր օրերում, քանի որ 21-րդ դարում չեն ընդունում այդպիսի մարդկանց` 21-րդ դարը կեղծիքի, ստի, թալանի դար է։ Հաց Բերողը ծնվել և ապրել է սխալ ժամանակներում, սխալ երկրում… Հաց Բերողը մահացավ հանուն իր պատկերացրած Հայաստանի, հանուն ազատության, հանուն ճշմարտության, հանուն իր անկոտրում տեսակի… Հաց Բերողին պետք է դասել բոլոր ժամանակների ամենամեծ մարդկանց կողքին, որոնք կռվել, պայքարել և մահացել են հանուն նույն գաղափարների։ Հաց Բերողը իր մահով ավելի ու էլ ավելի սերմանեց մեր մեջ հայրենասիրություն։
21-րդ դարում շատ քիչ կհանդիպենք քայլող լեգենդների, Արթուրը նրանցից մեկն էր։ Մեկ- մեկ Արթուրի մասին մտածելուց ինձ թվում էր` մտածում եմ ինչ-որ նախնադարյան ասպետի մասին, ախր, շատ պարզ էր, շատ մաքուր, շատ անկեղծ, շատ ժպիտով… Հաց Բերողը մահացավ, քանի որ նրան սպանեցին դանդաղ… շատ դանդաղ…
Հաց Բերողը պետք է ապրեր այն ժամանակներում, երբ դեռ կար մարդկություն, երբ դեռ գնահատվում էր «գաղափար» ասվածը։
Գնաս խաղաղությամբ, Հաց Ախպեր, եկար, հաղթեցիր, գնացիր…………………..».
Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ գրում է. «Անկախ կատարած հանցագործության տեսակից, անկախ այս կամ այն կոնկրետ մարդու նկատմամբ հանրային վերաբերմունքից և այլ հանգամանքներից, այն դատապարտյալը կամ կալանավորված անձը, ով ունի պատիժը կամ կալանավորումը կրելուն խոչընդոտող հիվանդություն, պետք է անհապաղ ազատ արձակվի: Հենց այս պահին ես գիտեմ նման մի քանի անձանց, սակայն բժշկական հանձնաժողովները, դատարանները կտրականապես հրաժարվում են ազատ արձակել նրանց: Այսօր մահացած Արթուր Սարգսյանը այդ մոտեցման հերթական զոհն էր, բայց, հավատացեք, վերջինը չէր: Պետք է ազատվել զնդանելու այդ անսանձ մոլուցքից, որով տասնամյակներ տառապում է մեր իրավապահ համակարգը»:
Araratnews.am-ի խմբագրակազմը ցավակցում է Արթուր Սարգսյանի հարազատներին: