տուն Լուրեր ԵԱՏՄ-ից ներկրված հավի միսը փորձաքննության չի ենթարկվում (տեսանյութ)

ԵԱՏՄ-ից ներկրված հավի միսը փորձաքննության չի ենթարկվում (տեսանյութ)

94
0

ՍԱՊԾ-ի պետ Իշխան Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփեց այս տարվա ՍԱՊԾ-ի աշխատանքը:

Araratnews.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հանրային վերահսկողությունը բացահայտում բազմաթիվ խախտումներ սննդամթերքի տարբեր տեսակներում, մասնավորապես, «Հետք» լրատվականը տեղական հավի մսում խախտումներ է հայտնաբերել, մեկ ամիս առաջ էլ նույն լրատվամիջոցը ներմուծված հավի մսում էր խախտումներ հայտնաբերել:

«Ծառայությունը այս տարի ստացել է 2500 ահազանգ, որոնք վերաբերել են տարբեր ուղղությունների: Մենք «Հետքին» առաջարկել ենք միասին անել նմուշառում, քանի որ  նմուշառում իրականացվում է անհայտ խմբաքանակից եւ չի նշվում տեղեկություն անհայտ խմբաքանակի մասին, դրանից հետո նոր գործողություններ պետք է իրականացվեն: Ուսումնասիրություն ենք իրականացրել 16 հավի միս ներկրողների մոտ, խախտումներ են արձանագրվել, եղել են կասեցումներ: Հիմա ավելի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվում: Ինչ վերաբերում է տեղական հավի մսին, հիմա մենք ուսումնասիրում ենք հավի մսի շուկան, որի արդյունքները կհրապարակենք: Այսինքն՝ չենք հերքում եւ չենք հաստատում «Հետքի» հրապարակումը»,- պատասխանեց պրն Կարապետյանը:

Իշխան Կարապետյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ից ներկրված թռչնամիսն ունի անվտանգության փաստաթղթեր, հետեւաբար, փորձաքննություն չի իրականացվում: Իսկ երրորդ երկրներից ներկրված ապրանքները դասվում են բարձր ու միջին ռիսկային խմբերի, երրորդ երկրից ներկրված հավի միսը 90%-ով փորձաքննության է ենթարկվել, եւ անվտանգության շեղումներ չեն հայտնաբերվել:

Փոխանակ ՍԱՊԾ-ը հայտնաբերի ժամկետանց ու անորակ սննդամթերքը, դա արեց ոստիկանությունը շաբաթներ առաջ, երբ հրապարակեցին ձիու մսի մասին լուրը: Ի պատասխան պրն Կարապետյանն ասաց, որ ձիու միսը հայտնաբերվել է ՍԱՊԾ-ի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան