Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցում Հայաստանը կաշկանդված չէ: Եթե տարիներ առաջ մեզ ստիպեցին ընտրել կամ-կամ, ապա հիմա Մոսկվայի և Բրյուսելի միջև կա ըմբռնում, և Հայաստանի համար կաշկանդվածություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Որքան էլ մենք զարգացնում ենք ստրատեգիական գործունեությունը, այնուամենայնիվ, Հայաստանը` որպես ինքնիշխան երկիր, Եվրամիության անդամ երկրների և ԵԱՏՄ-ի հետ պետք է շարունակի գործունեությունը: Այս տեսանկյունից չեմ կարող չանդրադառնալ այն տեսակետներին, որոնք խիստ վտանգավոր եմ համարում` Եվրասիական տնտեսական միությունից անհապաղ դուրս գալու կոչերին: Կոչ կանեմ մեր հանրությանը սթափ լինել, թե դա ինչ է նշանակում Հայաստանի համար և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումներով»,-նշեց տնտեսագետը:
Մանասերյանը նաև հավելեց. «Իմ խորին համոզմամբ` Հայաստանն ու Ռուսաստանը պետք է լինեն ԵԱՏՄ-ի շրջանակներում ռազմաարդյունաբերական համալիր ձևավորելու առաջին ծիծեռնակները, և սա կարող է լինել նաև անվտանգության համակարգում համագործակցության հիմքը: Որովհետև մնացած կոչերն առ ոչինչ կլինեն, եթե մենք այս ոլորտն անտեսենք` հատկապես Հայաստանի մեծ գիտական պոտենցիալը հաշվի առնելով»:
Մանրամասները` տեսանյութում: