տուն Լուրեր ԵԱՀԿ պաշտոնյաները Տավուշի մարզում քննարկեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված հարցերը

ԵԱՀԿ պաշտոնյաները Տավուշի մարզում քննարկեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված հարցերը

171
0

7003_b

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Այս մասին հաղորդում է Տավուշի մարզպետարանի մամլո ծառայությունը:

Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Իրժի Աբերլիեն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անձնական օգնական Սայմոն Տեշլերը:

Ընդհանուր առմամբ բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված հարցեր: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ներկայացրեց մարզի սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակը:

Նշեց, որ քանի որ հակառակորդը շարունակում է նշանառության տակ պահել մարզի սահմանամերձ բնակավայրերը, մի շարք գյուղերի կրթական հաստատությունների տարածքներում պաշտպանիչ պատեր են կառուցվում դպրոցներ և մանկապարտեզներ հաճախող երեխաներին պաշտպանելու նպատակով, ինչպես նաև որոշակի հատվածներում կառուցվում են շրջանցիկ ճանապարհներ ապահով երթևեկություն ապահովելու համար:

ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվեցին նաև ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Բրիֆինգին հաջորդեց ԵԱՀԿ հերթական դիտարկումը Տավուշի մարզի Այգեպար համայնքի հատվածում: