Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով բանակցային գործընթացի ակտիվացումը և շահագրգռված է նրա արդյունավետությամբ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ- պետական քարտուղար Գրիգորի Կարասինը:
Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները ընթացիկ տարվա դեկտեմբերին Վիեննայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, որոնց շուրջ առայժմ չի հաջողել համաձայնության հասնել:
«Քննարկվել են հակամարտության գոտում լարվածության թուլացմանը նպաստող հնարավոր գործողությունները: Կողմերին ներկայացվել են հստակ առաջարկություններ` կապված ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման հետ: Նախարարները պայմանավորվել են այս և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այլ հարցերի շուրջ շարունակել զրույցը 2018-ի հունվարին միջնորդների «եռյակի» մասնակցությամբ»,- եզրափակել է Կարասինը: