տուն Լուրեր Ե՞րբ են հիվանդին հոգեբուժարանից դուրս գրում. տնօրենը՝ 120 հազար դրամի մասին

Ե՞րբ են հիվանդին հոգեբուժարանից դուրս գրում. տնօրենը՝ 120 հազար դրամի մասին

107
0

Գագիկ միրիջանյան

Թերթերից մեկը գրել էր, որ  հոգեբուժարանների օպտիմալացման որոշումից հետո Նուբարաշենի հոգեբուժարանի  բժիշկները հիվանդների հարազատներից գումար են պահանջում, ասելով, թե այժմ նոր կարգ է գործում. կա՛մ պետք է իրենց հիվանդին տուն տանեն, կա՛մ ամեն ամիս 120 հազար դրամ վճարեն` նրան հոգեբուժարանում պահելու համար:  Araratnews.am-ը կապ հաստատեց  Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Միրիջանյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու:  Տնօրենը հերքեց այդ տեղեկությունները, ապա հիշեցրեց՝ հոգեբուժարանում վճարովի ծառայություններ եղել են ու կան, օրինակ` առանձին հիվանդասենյակում մնալը վճարովի է: «Բայց  դա 120 հազար դրամի չի հասնում: Բժիշկներն էլ չեն կարող հիվանդի հետ կոնտակտի մեջ մտնել՝ գումար գանձելու համար»,- ասաց պրն Միրիջանյանը:

Ըստ օրենքի՝ հիվանդը  հոգեբուժարանում կարող է մնալ 24-36 օր սուր դեպքերի ժամանակ, սակայն եթե հիվանդի վիճակը չի բարելավվում,  հիվանդի մնալը հոգեբուժարանում կախված է նրա առողջական  վիճակից:

Եթե հարազատները ցանկանում են, որ հիվանդը  սահմանված ժամկետից երկար մնա հոգեբուժարանում, Միրիջանյանի խոսքով՝ ստեղծվում է հանձնաժողով, որն էլ որոշում է՝ հիվանդը պե՞տք է մնա հոգեբուժարանում, թե՞ ոչ:

Քիչ չեն դեպքերը, երբ  դատական գործընթացում եւ դատարանի վճռով   մեղադրյալը  անմեղսունակ է ճանաչվում, իսկ մեղադրյալի խնամակալը հրաժարվում է նրանից: Այս իրավիճակում կարո՞ղ է անմեղսունակ ճանաչվածը  մնալ հոգեբուժարանում մինչեւ կյանքի վերջ:  Գագիկ Միրիջանյանի պարզաբանմամբ` խնամակալը կարող է ինչ-ինչ հանգամանքների պատճառով ասել, որ իր հարազատը  պետք է մնա հոգեբուժարանում:  Բայց դա դատահոգեբուժական ստացիոնար միջգերատեսչական  հանձնաժողովն է որոշում: «Անմեղսունակ  ճանաչվելուց հետո մեղադրյալը հարկադիր բուժման է ուղարկվում հոգեբուժարան 6 ամսով: Դրանից հետո հանձնաժողովը, հիվանդի վիճակը հաշվի առնելով, դիմում է դատարան անմեղսունակության վերանայման պահանջով:  Եթե դատարանը բավարարում է  հանձնաժողովի պահանջը, նա պատիժը կրում է բաց ռեժիմով»,- մանրամասնեց բուժհաստատության ղեկավարը:

Իսկ եթե անմեղսունակ է ճանաչվում  մինչ դատական վճռի հրապարակումը, հոգեբուժարանում կամ բանտախցում մեղադրյալի մնալը դատահոգեբուժական ստացիոնար   հանձնաժողովն է որոշում՝ կախված իրավիճակից:

Բուժհաստատության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ  պատկան մարմինները քննարկում են մի նոր առաջարկ. «Այն հիվանդները, որոնք  երկար ժամանակով պետք է բուժում ստանան հոգեբուժարանում, կարող են վճարել ոչ բուժական ծառայությունների, օրինակ,  ատամի մածուկի, տակդիրի համար: Մի քանի հիվանդի  հարազատների հետ խոսել ենք այդ մասին, նրանք դրական են արձագանքել: Բայց սրա մասին դեռ վաղ  է խոսել, որովհետեւ գերատեսչությունները դեռ քննարկում են սա»:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների շահերի ներկայացուցիչ, «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Կարինե Թուխիկյանը վերջերս ասել էր, որ Նոր Նորքի  հոգեբուժարանի միացումը Նուբարաշենին չի բխում հիվանդների ու նրանց հարազատների շահերից: Նրանց համար դժվար կլինի  հասնել Նուբարաշեն: Գագիկ Միրիջանյանը  համաձայն չէ այդ կարծիքին: «Շուտով մեքենա ենք  ձեռք բերելու, որով  ինչ-որ ժամերի  հիվանդների հարազատներին  անվճար կհասցնեն Նուբարաշեն»,- մանրամասնեց Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ