Օրեր առաջ հրապարակվեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստը, որտեղ դրական կետերից բացի կան նաև մտահոգիչ դրույթներ: Դրանցից մեկն առնչվում է Մեծամորի ատոմակայանի փակմանը: Համաձայնագրում գրված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակման, անվտանգ ապագործարկման եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունման մասին՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ ՀՀ էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով:
Araratnews.am-ը տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանին խնդրեց անդրադառնալ նախ Հայաստան-Եմ համաձայնագրի տնտեսական հատվածին: Տնտեսագետի խոսքով՝ համաձայնագրի բովանդակությունը շահեկան է Հայաստանի համար: «Այս համաձայնագիրն ամրացնում է Հայաստանի, նրա տնտեսության դիրքերը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության համար»,- մանրամասնեց վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է Մեծամորի ատոմակայանը փակելուն, Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց՝ ԵՄ-ն առաջին անգամ չէ, որ խոսում է ատոմակայանի փակման մասին: Ատոմակայանի փակման մասին պահանջը պայմանավորված է Թուրքիայի եւ Ադրբեջանի հորդորներով:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանն ունի նոր ատոմակայանի կարիք, որը 10 տարի է՝ մեր օրակարգում է: «Բայց նոր ատոմակայան ունենալու հարցն այդքան էլ հեշտ լուծվող հարց չէ: Դրա համար մեծ ներդրումներ են պետք: Մեր երկիրը պետք է մատնացույց անի Ադրբեջանին եւ Թուրքիային, որը ձեռնամուխ է եղել ատոմակայանի կառուցմանը»,- կարծում է Թաթուլ Մանասերյանը:
Ճիշտ աշխատելիս Հայաստանը, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավարի խոսքով, 20-30 տարում կարող է նոր ատոմակայան ունենալ:
Էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի այս դրույթը նորություն չէ: «Ատոմակայանի փակման հարցը վաղ թե ուշ կանգնելու էր մեր դռանը: Պարզապես Եվրամիությունը ժամկետներ չի նշել ատոմակայանի փակման համար եւ պատրաստ է աջակցելու Հայաստանին: Համաձայնագրում գրված է ատոմակայանը նոր հզորությամբ կառույցով փոխարինելու մասին: Օրինակ` դրա փոխարեն կարող է լինել միջուկային նոր կայան, որը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Ընդհանուր առմամբ այս դրույթը Հայաստանին մանեւրելու հնարավորություն է տալիս»,- ասաց փորձագետը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ