Հայաստանյան սոցցանցերն ու էլեկտրոնային մամուլը, իսկ ավելի կոնկրետ դաշնակցա-ռազմահայրենասիրական շրջանակները, «ապշած» են Տիգրան Խզմալյանի «դավաճանական» քայլից: Հինավուրց հեղափոխական կուսակցության լրատվական օրգան-կայքն իր ամբողջ ներուժով լծվել է Խզմալյանին ոչնչացնելու գործին:
Այս ամբողջ թնջուկի պատճառը սակայն պարզվում է ընդամենը կինոռեժիսյորի կողմից ադրբեջանական հաքքին.ազ-ին տված մեկ հարցազրույցն է, որում ի դեպ որևէ արտառոց միտք կամ ձևակերպում մեղմ ասած չի հնչում: Հարցազրույցում Խզմալյանը ընդամենը հանդես է գալիս Հայաստանի ներկա իշխանությունների քննադատությամբ, նշում է, որ Հայաստանի իշխանության ղեկին են հայտնվել գանգստերները և այլն:
Կարճ ասած Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի մասին հարցերին Տիգրան Խզմալյանը տվել է լիովին իրականությանը համապատասխանող և շատ ադեկվատ պատասխաններ: Ընդ որում պետք է շեշտել, որ իր պատասխաններում կինոռեժիսյորը բավականին հիմնավորված համեմատություններ է արել հայկական և ադրբեջանական վարչակարգերի միջև: Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին հարցին Խզմալյանը նշել է, որ նշված քաղաքական գործիչը մեծ ատելություն է վայելում հասարակության մեջ:
Սակայն մի կողմ թողնելով Տիգրան Խզմալյանի հարցազրույցի բովանդակությունը, որի մեջ միակ «դավաճանական» քայլն այն էր, որ հայաստանյան իշխանությունների մասին ասվում էր բացարձակ ճշմարտությունը, անդրադառնանք հարցազրույցի մի շարք ասպեկտների:
Նախ նպատակահարմար էր արդյոք հարցազրույց տալ ադրբեջանական լրատվամիջոցին: Որպես անհատ, քաղաքացի ես չէի տա նման հարցազրույց , սակայն միևնույն ժամանակ հարկ է նշել, որ դա միայն անհատի որոշելիքն է և որևևէ մեկն իրավասու չէ որևէ որոշման համար պիտակավորել քաղաքացուն, շեշտենք ցանկացած քաղաքացու:
Իհարկե հասկանալի է, խոսքը վերաբերում է բանականության սահմաններում հարցազրույցներին և ոչ թե պետական կամ ռազմական գաղտնիք բացահայտելուն: Չնայած մյուս կողմից միգուցե Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու շրջանակներ Հայաստանում տիրող իրադրությունը համարում են պետական գաղտնիք, սակայն դա այլ խնդիր է, որի վերաբերյալ ի դեպ Վարդան Պետրոսյանն ունի համապատասխան մոնոներկայացում:
Դառնանք հաջորդ ասպեկտին: Արդյոք Խզմալյանը վնասում է Հայաստանի Հանրապետությանն իր հարցազրույցով: Ինչ խոսք, ներկայումս հասկանալի է, որ Խզմալյանի հարցազրույցը կօգտագործվի տեղեկատվական պատերազմներում,այս առումով նպատակահարմար չեն նմանօրինակ հարցազրույցները, մյուս կողմից, եթե ուսումնասիրում ենք հարցազրույցը, ապա ակնհայտ է դառնում մի պարզ բան՝ հարցազրույցում հնչած ցանկացած միտք ադրբեջանական ցանկացած կայք կարող էր վերցնել հայկական ցանկացած ադեկվատ ընդդիմադիր կայքից, ուստի հապճեպորեն Խզմալյանին դավաճան պիտակավորելուն համընթաց նման պիտակ է բաժին հասնում բոլոր նրանց, ովքեր քննադատում են առկա վարչակարգն ու նրա ներկայացուցիչներին:
Վերջապես ով է իրականում մեղմ ասած վնասում Հայաստանի Հանրապետությանը ՝ նա ով թեկուզ և հակառակորդին ասում արտագաղթի մասին, թե նա (նրանք) ովքեր հարուցում ու նպաստում են արտագաղթին: Նա ով խոսում է իշխանության գանգստերական լինելու մասին, թե նա ով գանգստերին դարձնում է իշխանություն: Սյունիքի տխրահռչակ մարզպետի օրինակը դեռևս շատ թարմ է:
Վերոնշյալները հարցեր են, որոնք ցանկացած Հայաստանի քաղաքացի պետք է տա ինքն իրեն ՝ մեկ այլ քաղաքացու պիտակավորելուց առաջ:
Աղասի Մարգարյան