տուն Լուրեր Խոշտանգման համար մեղադրվող մայորը` անտառահատումների հովանավո՞ր

Խոշտանգման համար մեղադրվող մայորը` անտառահատումների հովանավո՞ր

120
0

Օրեր առաջ  տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնում 19-ամյա երիտասարդ էր ծեծի ենթարկվել: Պարզվեց, որ  ծեծողը Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, մայոր Գերասիմ Մարդանյանն է: Ոստիկանության մայորը տեղացիների շրջանում հայտնի է Հիտլեր մականունով:  Իսկ ծեծվողը` 19-ամյա  Ժորա Սիմոնյանը, որի մայրը լրատվամիջոցներին բարձրաձայնել էր դեպքի մասին: Araratnews.am-ն այսօր կապ հաստատեց տիկին Գրետայի հետ՝ տեղեկանալու, թե իրավապահներն ինչ քննչական գործողություն են իրականացրել: «Գործի քննությունը վերջացել է, սպասում ենք դատավարությանը»,- տեղեկացրեց մայրը:

Գերասիմ Մարդանյանը մինչ քրեական գործի հարուցումը միջնորդների միջոցով փորձել է  համոզել Ժորա Սիմոնյանի ծնողներին, որ բողոքը հետ վերցնեն,  սակայն ծնողները տեղի չեն տվել:

Araratnews.am-ի տեղեկություններով՝  ոստիկանության մայորը Իջեւանի անտառներից մեքենայով անտառափայտ տանող (լինի օրինական թե անօրինական) յուրաքանչյուր բնակչից գանձում է 200.000 դրամ գումար: Տիկին Գրետան մեզ հետ զրույցում հաստատեց այդ լուրերը. «Անտառից եկող մեքենաները կանգնում էին ոստիկանության բաժնում, նրան վճարում 200.000 դրամ»:

Տեղեկացնենք, որ երեկ լրատվամիջոցներից մեկն այցելել էր Գերասիմ Մարդանյանի տուն եւ տան բակում նկատել  հատված թաց կոճղեր ու մեծ քանակությամբ կտրված փայտ: Գերասիմի մայրը  հստակ չէր պատասխանել հարցին՝ օրինակա՞ն է փայտը, թե՞ ոչ:

Կապ հաստատեցինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամուլի խոսնակ Լուսինե Հակոբյանի հետ՝ տեղեկանալու, թե արդյոք Գերասիմ Մարդանյանի տան բակում եղած վառելափայտն  օրինակա՞ն է,  եւ որքանո՞վ են հավաստի  լուրերը, որ Իջեւանի անտառներից մեքենայով վառելափայտ տանողից մայորը գանձել է 200.000 դրամ: Ի պատասխան  տեղեկացանք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը իրավասություն չունի մտնելու քաղաքացիների բնակարանները եւ պարզելու, թե նրանց գնած վառելափայտն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է Իջեւանի անտառներին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամուլի խոսնակ Լուսինե Հակոբյանի խոսքով՝ անցյալ շաբաթ ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ստուգայցի ընթացքում 183 խմ անօրինական փայտ են  հայտնաբերել ու գործին ընթացք է տվել:

Տեղեկացնենք, որ  19-ամյա երիտասարդին խոշտանգած ոստիկան Մարդանյանի գործով զբաղվում է ՀՔԾ-ն:  ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեցինք՝ բացի խոշտանգման փաստով գործ հարուցելուց՝  քաղաքացիներից 200.000 դրամ գանձելու մասին խոշտանգվածի մոր հայտարարությանն ընթացք տրվե՞լ է: Մարինա Օհանջյանն ասաց, որ եթե խոշտանգվողի մայրը կամ հայրը այդ մասին գրավոր հաղորդում ներկայացնի ՀՔԾ, ընթացք կտրվի:

Սոնա Դավթյան