Ես այս շարժումը, անկախ մոտակա արդյունքերից, միանշանակ դրական եմ գնահատում: Նման գնահատական էլէներգիայի սակագնի թանկացման դեմ սկիզբ առած պայքարին տվեց գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը:
Բանախոսը զուգահեռներ անցկացրեց 1968 թվականի ուսանողական հեղափոխության և այս պայքարի միջև, քանի որ երկու դեպքում էլ կարգախոսները քիչ էին, բայց հստակ:
«Նման մասշտաբներով շարժման համար միայն սակագնի հարցը դնելը քիչ է: Ես սա բացատրում եմ այն մեծ դժգոհությամբ, որը հանրության մեջ է եղել, պորթկացել է և երիտասարդությանը փողոց հանել: Ուրիշ այլ խնդիր էլ կարող էր շարժման համար սկիզբ դառնալ, բայց ընդունենք, որ խորքում այս շարժումը քաղաքական է»,-նշեց բանախոսը:
Դիտարկելով շարժումը քաղաքական շարժման հետ՝ բանախոսը նշեց, որ շարժման ժամանակ հնչող երկու կարգախոս, որոնք են՝ «Մենք ենք տերը մեր երկրի» և «Ազատ, անկախ Հայաստան», ապա կտեսնենք, որ սա գաղութատիրության դեմ պայքարի ակնարկ է: Բանախոսի խոսքով՝ սրանից հետևում է, որ հանրությունը գիտակցում է՝ Հայաստանի տնտեսությունը գտնվում է գաղութացման վիճակում:
Խոսելով պայքարի նրբությունից՝ Մարտիրոսյան ընդգծեց, որ պայքարը տարբերվում է ինտերնետ սերնդի ներգրավվածութամբ. «Ջինսերի սերունդը՝ մեր սերունդը, միֆերի աշխարհում էր ապրում, իսկ ինտերնետ սերունդը ավելի իրազեկ է, քանի որ գուգլելով ավելի հստակ պատկեր է ստանում իրադարձությունների մասին«,-նշեց նա:
Ինչ վերաբերում է սակագնի շուրջ առաջարկված լուծմանը, ապա Մարտիրոսյանը շեշտեց, որ ըստ էության այսօր սա լավագույն ելքերից մեկն էր, մինչդեռ սխալ էր Սերժ Սարգսյանի կողմից հայտարարել, որ սակագնի համար պահանջված գումարը պետք է ձեռքբերվի անվտանգության համար նախատեսված գումարից. «Բաղրամյան պողոտայում մենք տեսանք հանրության մի շերտ՝ գրագետ, իրազեկ և հստակ գիտակցությամբ, ոչ լուզերներ, ոչ մարգինալներ, այլ ՝ մարդիկ, ովքեր գուցե ֆինանսապես էլ ապահով էին, բայց արժանապատվության խնդիր ունեին և բարձրաձայնեցին այս հարցը: Սա էր պատճառը, որ ժողովուրդը, անգամ իշխանությունները սիրեցին այս մարդկանց»:
Շարժման հետագա քայլերի մասին խոսելիս Մարտիրոսյանը նշեց, որ բնական է, ոչ մի շարժում 3-4 ամիս չի կարող դիմանալ և հավելեց, որ շարժումից շահել են բոլորը. այս մասին փաստում է թե´ բռնության գործադրման բացակայությունը, թե´ Ռուսաստանի կողմից արված բացառությունները, ինչպես օրինակ՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելը:
Վարդուհի Ստեփանյան