տուն Լուրեր Wikileaks. Նրանք ուզում էին ընդդիմություն խաղալ

Wikileaks. Նրանք ուզում էին ընդդիմություն խաղալ

175
0

Samvel Babayan

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգտոնը 2008թ. օգոստոսյան շրջանի վերաբերյալ հեղինակել է բավականին հետաքրքիր մի զեկուցագիր: Վերջինի մեջ ամփոփված է հայաստանյան տվյալ շրջանի իրադարձությունների նկարագիրը, որոնց համատեքստում առանձնացրել ենք իշխանությունների` մի նախագծի շուրջ ԱՄՆ դիվանագետի տարողունակ հաղորդումը: Ըստ այդմ՝ ՀՀ վերնախավը տվյալ ժամանակափուլում ջանադրբար փորձել է նոր ըննդիմություն ստեղծել: Սա հավանաբար ժամանակին այնքա՜ն չարչըրկված երրորդ բևեռը պիտի լիներ:

ԱՄՆ դիվանագետի զեկուցագրի համաձայն՝ քաղաքական իշխանության կուլիսներում մի նորություն էր պտտվում, թե ասպարեզում հայտնվելու է նոր քաղաքական մարմին: Սաղմնավորվող այդ ալյանսի հիմնական դերակատարներն էին լինելու ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը և ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Ջ.Փենինգտոնի բնորոշմամբ «հաճելի, քաղաքակիրթ ու կոսմոպոլիտ Օսկանյանի և ջղային, դաժան ու անկիրթ Բաբայանի միջև թվում էր, թե ոչ մի բան չի կարող լինել»: Դիվանագետը, կարծես զարմացած լինելով նման անհամատեղելի միավորումից, անմիջապես հավելում է, որ այս երկու գործիչներին միավորողը Ռոբերտ Քոչարյանի գործոնն է ու նրա հետ այդ երկուսի անթաքույց մտերմությունը:

ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարի հաղորդմամբ՝ իրենք հստակ տեղեկություններ են ունեցել, որ Սամվել Բաբայանը Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի ամենօրյա այցելուն է: Միաժամանակ պարզվում է, որ վերոհիշյալ երկու գործիչները ժամերով առանձնազրույցներ են ունեցել՝ քննարկելով քաղաքական իրավիճակն ու հնարավոր զարգացումները: Դիվանագետի տեղեկությունները հաստատել է նաև Վ.Օսկանյանի օգնականը, ով հավելել է, թե Բաբայան-Օսկանյան զույգը նպատակադրված է նոր քաղաքական կուսակցություն ստեղծել:

Հավաստի համարելով վերը նշված տեղեկությունները՝ Փենինգտոնը կցել է նաև ԱԺՄ նախագահ, երբեմնի անհանդուրժող ընդդիմադիր, այժմ «Հանրային խորհուրդ» կոչվածի ղեկավար Վազգեն Մանուկյանի տված տեղեկությունները, ըստ որի՝ վերջինս ևս եղել է վերոհիշյալ գործիչների հետ համատեղ բանակցությունների մեջ նույն թեմայի շրջանակներում: ԱՄՆ դիվանագետի կարծիքով՝ «երկար ժամանակ ընդդիմադիր եղած Վազգեն Մանուկյանը կարող էր լինել այդ խմբավորման երրորդ բևեռը՝ որպես Քոչարյանի ռեժիմի խիստ քննադատ, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ իր հայտնի ատելությամբ»: Փենինգտոնն ակնարկում է, որ հնարավոր այդ միավորման մեջ հստակ ուրվագծված են պրո-քոչարյանական և խիստ հակալևոնական վեկտորները:

Ամերիկացիների համար բավականին պարզ է, որ այնպիսի միավորումը, ինչպիսին «Օսկանյան-Բաբայան ալյանսն է, կարող է պարարտ հող ստեղծել Քոչարյանի վերադարձի համար՝ Վազգեն Մանուկյանով կամ առանց նրա»: Այս համատեքստում դիվանագետը կարևորել է Օսկանյանի անձնական հեղինակությունը ներքաղաքական ու արտաքին քաղաքական շրջանակներում, ինչպես նաև Ս.Բաբայանի ֆինանսական կարողություններն ու Ղարաբաղյան պատերազմի հերոսի հռչակը: Ի դեպ, վերջինիս որակելով որպես բռի կերպարով հայտնի անձնավորություն, Փենինգտոնը չի բացառում, որ նման միավորումը, հենց վերջին գործոններով էլ պայմանավորված, կարող է հետաքրքրություն առաջացնել հայ էլեկտորատի շրջանում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here