WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթղերի շարքում իրենց առանցքային տեղն են զբաղեցնում հայ քաղաքական վերնախավի տարբեր ներկայացուցիչների հետ ԱՄՆ դիվանագետների հանդիպումների մասին հաղորդումներիը: Նման փաստաթղթերից մեկը պատմում է 2009 թ. դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դեսպանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին: Վերջինս ամերիկացիների հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնց թվում` հայ-թուրքական արձանագրությունները, ներքաղաքական խնդիրները, մասնավորապես` քաղբանտարկյալների և կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված հարցերը:
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջ.Փեննինգտոնի հաղորդման համաձայն` Հովիկ Աբրահամյանը նախ պատմել է իր և Թուքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Սահինի` Մոսկվայում կայացած հանդիպման մասին: Թուրք պաշտոնյան իր հայ կոլեգային տեղեկացրել է, որ իրենց պատգամավորների մեծամասնությունը պատրաստ է կողմ քվեարկել արձանագրություններին, եթե կառավարությունը դրանք ուղարկի խորհրդարան: Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Հովիկ Աբրահամյանին հրավիրել է նաև Ստամբուլում կայանալիք BSEC գագաթնաժողովին` ի նշան երկու երկրների հարաբերությունների բարելավման: Այդու, Հ.Աբրահամյանը նկատում է, որ իր մեկնելը Ստամբուլ հնարավոր է Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելուց հետո, և միայն այն պարագայում, եթե թուրքերը վստահեցնեն, որ արձանագրությունները կվավերացվեն կարճ ժամանակամիջոցում: ԱԺ խոսնակը բարձրաձայնում է՝ «Պատկերացրեք, թե ինչի նման կլինի, եթե իմ այցին չհաջորդի վավերացումը: Դա անարժանապատիվ կլինի մեզ համար»:
Ի դեպ, փաստաթղթին կցված մեկնաբանության մեջ Ջ.Փեննինգտոնը նկատում է, որ Աբրահամյանը չի գնահատում երկու խորհրդարանների միջև շփումների հաստատման կարևորությունը, որը կարող է նպաստել արձանագրությունների վավերացմանը: Ամերիկացու համոզոմամբ` «Աբրահամյանին ավելի շատ հետաքրքրում է հաղթանակից առաջ կատարվող այցը, որի արդյունքը պետք է լինի արձանագրությունների վավերացումը»: ԱՄՆ ներկայացուցիչների առաջ Հ.Աբրահամյանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերջնաժամկետ է նշում 2010թ. մարտ ամիսը, մինչդեռ ամերիկացիների հիշեցմամբ` նախագահականն ու արտգործնախարարությունը նման վերջնաժամկետ են համարել 2010թ. հունվար-փետրվար ամիսները: Փաստորեն, Հայաստանի իշխանությունները իրականում անընդհատ ձգձգել են հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հանգուցալուծումը և քանիցս տարբեր վերջնաժամկետներ են նշել: Կարելի է եզրակացնել, որ իշխանությունները կա՛մ սպասել են արտաքին որևէ կենտրոն(ներ)ի ազդակներին, կա՛մ էլ ուղղակի չեն ունեցել իրադարձությունների զարգացման հստակ տեսլական: Ի դեպ, իշխանական լակեյներն էլ առիթը բաց չէին թողնում նման քաղաքականությունը կոչելու «աննախադեպ, հաղթական ու իմաստուն»:
Ներհայաստանյան գործընթացները քննարկելիս ԱԺ խոսնակը շեշտում է սեփական շահագրգռվածությունը հրատապ խնդիրները կարգավորելու հարցում, մասնավորապես՝ ընդդիմության հանրահավաքների արգելքի վերացումն ու քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը: Զրույցի ընթացքում նա պատմել է Ս.Սարգսյանի հետ ձերբակալվածներին ազատ արձակելու անհրաժեշտության շուրջ ունեցած իր խոսակցությունների մասին: Հ.Աբրահամյանը խոստանում է պայմանական ազատազրկումներով և ներում շնորհելու միջոցով ազատ արձակել ձերբակալվածներին: Հետաքրքիր է, որ մարտի մեկի մեջ հիմնականում մեղադրելով ընդդիմությանը, իշխանությունները տարբեր եղանակներ էին փնտրում նրանց ազատ արձակելու համար: Ի վերջո, եթե ձերբակալվածներն էին այն հիմնական մեղավորները, որոնց գործողությունների արդյունքում 10 մարդ զոհվեց, ապա ինչպե՞ս կարող էր նրանց ազատումից Հայաստանը շահել, ինչպես պնդել է Հովիկ Աբրահամյանը նույն հանդիպման ժամանակ:
Ի դեպ, վերջինս հատուկ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը, որը «եղել է անկարգությունների հիմնական հրահրողն ու 10 զոհերի առաջին պատասխանատուն», չի ազատվելու բանտից: Հետաքրքիր է, թե ԱԺ նախագահը արդյո՞ք այսօր էլ նույն կարծիքին է և ինչպե՞ս է դեմ գնացել իր խղճին ու համաներման ակտով օգնել «անկարգություններ հրահրողին» ազատ արձակվել և այժմ էլ խորհրդարանի ներսում աշխատում է նրա հետ:
Ներքաղաքական թեմատիկայի համատեքստում քննարկվել է նաեւ կոռուպցիայի հիմնախնդիրը: Մեկնաբանության մեջ Փեննինգտոնը փոխանցում է` «Աբրահամյանի ծաղկուն լեզուն աստիճանաբար գունատվեց, երբ խոսք գնաց կոռուպցիայի դեմ պայքարի մասին»: Այդ համատեքստում ԱԺ նախագահը քննարկել է վարչապետի անձը` «որը բնույթով բարեփոխիչ լինելով՝ լավ խոսող, բայց քիչ գործ անող է»: Հովիկ Աբրահամյանի դիտարկումներով` կառավարության գործողություններն ու հայտարարությունները պետք է համընկնեն: Ամերիկացիները նկատում են, որ առանց նկատելի արհամարհանքի` Աբրահամյանը շարունակել է ծաղրել վարչապետի առաջարկած օրինագիծը, որով իշխանության ամենավերին օղակների առնվազն 500 ներկայացուցիչները պետք է հրապարակայնացնեն իրենց ունեցվածքը: Այս առիթով ԱԺ նախագահը նկատել է. «Ես չեմ ընդունում նման բաները»:
Ամփոփելով նկատենք, որ ԱԺ նախագահը, չդիմանալով գայթակղությանը, քննադատել է վարչապետին եւ իրեն ներկայացրել դրական լույսի ներքո` ի հեճուկս «լավ խոսող, բայց քիչ գործ անող գործչի»: Հատկանշական է, որ մարտի մեկի 10 զոհերի համար մեղավոր համարելով ընդդիմությանը, ձերբակալվածներին ազատ արձակելու եղանակներից մեկը համարել է պայմանական ազատազրկումը: Հետաքրքիր է` Հովիկ Աբրահամյանը ինչպե՞ս է պատկերացրել նման վճիռների կայացումը այն դեպքում, երբ իշխանությունները օրուգիշեր հայտարարում էին դատական համակարգի անկախ լինելու մասին: Իսկ գուցե իշխանությունն ընդամենը կատակել է, եւ հայկական դատարանները միշտ էլ կատարել են ոչ թե արդարադատություն ապահովողի, այլ կամակատարի գործառույթներ: