Հունիսի 16-ին Արցախում հակառակորդի կողմից վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակում դրական դինամիկա կա: Նրանցից Արմեն Վարդանյանին արդեն հիվանդասենյակ են տեղափոխել, իսկ գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած Յուրի Զաքարյանը, ում վիճակը կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխելուց ծայրահեղ ծանր էր, արդեն ինքնուրույն է շնչում, և առողջական վիճակը դեպի լավն է գնում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Յուրի Զաքարյանին վիրահատելու խնդիր դեռևս չկա. սպասում են, որ վիճակը կայունանա. «Սպասում ենք, տեսնենք` դեֆիցիտ կա-չկա, ինչ չափով, նոր կհասկանանք` վիրահատե՞նք, թե՞ ոչ»:
Ինչ վերաբերում է հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալում բուժումը շարունակող զինծառայողներին, Արտաշես Խաչատրյանն ասաց. «Նրանց մոտ էլ դրական դինամիկա կա: Մեկի բազուկն ենք վիրահատել, հիմա ռեանիմացիայում է, միայն իր վիճակն է ծանր, մյուսներինը բավարար է: Մեկն էլ կա, որին սրունքի վիրահատություն է սպասում»:
Նշենք, որ վթարից հետո 8 զինծառայող տեղափոխվել էր կլինիկական զինվորական հոսպիտալ, ևս մեկը տեղափոխվել էր երկու օր անց: Վթարից տուժած մյուս զինծառայողներն էլ Վարդենիսի զինվորական հոսպիտալում էին և օրեր առաջ արդեն դուրս են գրվել: