Այսօր Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քննադատեց Կառավարության վարած քաղաքականությունը:
«Ինչ պետք է շտկեր այս նոր Կառավարությունը, կոռուոպցիան, մենաշնորհը, պետք է կարողանար խոչընդոտել «փայ մտնողներին», պետք է կարողանար իր կադրային քաղաքականությամբ իսկապես ապացուցել, որ պրոֆեսիոնալիզմն է կարևոր, և օրենքների բարեփոխումներով ապացուցեր, որ դրա նպատակը իշխանության վերարտադրվելը չէ: Իսկ ինչ արեց Կառավարությունը, եթե մեկ բառով ասես, ապա ոչինչ, ինչ-որ տեղ ավելի խորացրեց իր ճգնաժամը»,-ասաց Հակոբյանը:
Նա նշում է, որ կառավարությունը կախարդական փայտիկ չունի, որ կարողանա միանգամից իրավիճակ փոխել, բայց կառավարությունը պարտավոր է ունենալ տրամաբանության պրոֆեսիոնալիզմի փայտիկ:
«Հարգելի գործարարներ, իմացեք, որ պետությունը ուժեղ է, եթե այնտեղ կան գործարարներ, բայց ովքեր օրենքի սահմաններում են գործում: 2015-ի բյուջենի որևէ անդրադարձ չունի ԵՏՄ-ին, որին հունվարից պետք է միանա, որևէ արտացոլում չկա: Բոլորովին նոր ֆինանսատնտեսական հարաբերություններ են ձևավորվելու, դուք դրա վրա ուշադրություն չեք դարձնում, ուզում եք, որ մենք էլ չդարձնենք: Մենք դեմ ենք քվեարկելու այս բյուջեին, դուք կարող եք դարակազմիկ մի որոշում ընդունեք, եթե բոլորդ հրաժարվեք կառավարությունից: Վստահ եմ, որ օրը երկու անգամ վարչապետի մտքով անցնում է հրաժարական տալը»,-ասաց Հակոբյանը և հորդորեց կառավարության անդամներին հրաժարական տալ: