Հուլիսի 8-ից կդադարեցվեն վրացական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստանի Դաշնության տարածք: Ինչպես ասվում է ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ, այս մասին ռուսաստանյան ավիացիոն իշխանությունները տեղեկացրել են վրաց գործընկերներին:
Թռիչքների դադարեցման պատճառն ավիացիոն անվտանգության արտակարգ մակարդակի ապահովման անհրաժեշտությունն է, ինչպես նաեւ ՌԴ Օդային տեղաշարժի կազմակերպման պետական գործակալության հանդեպ ավիացիոն գործունեության համար կուտակված պարտքի առկայությունը:
Ներկա պահին վրացական կողմի պարտքի ընդհանուր չափը կազմում է 792 543,19 դոլար եւ 592 251,95 ռուբլի (չհաշված տուգանքները): Վրացական կողմը պարտքն ընդունել է դեռեւս 2008 թվականին, սակայն մինչ օրս չի մարել այն:
Թռիչքների դադարեցումը կշարունակվի մինչեւ Georgian Airways եւ MyWay Airlines ավիաընկերություններից ավիացիոն անվտանգության ծրագրերի ներկայացումը ռուսական կողմին, դրանց դիտարկումը եւ հաստատումը, ինչպես նաեւ մինչեւ պարտքի ամբողջական մարումը: