տուն Լուրեր Ոխերիմ բարեկամներն ունեն դարավոր փորձ հայ ժողովրդի շահերն իրենց ծառայեցնելու

Ոխերիմ բարեկամներն ունեն դարավոր փորձ հայ ժողովրդի շահերն իրենց ծառայեցնելու

125
0

D3AE8AEB-A168-4546-9F14-CA4103D1DFD5_cx0_cy6_cw0_w1023_r1_s

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ արդեն այս շաբաթ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հանդիպման ժամանակ քննարկելու են ղարաբաղյան խնդիրը: Էրդողանը նաև ընդգծել է, որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է, Թուրքիան էլ Ղարաբաղի հարցում կշարունակի Ադրբեջանին սատար լինել։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահների հանդիպմանը և քննարկվելիք թեմային նշեց. «Նման հանդիպումը սխալ է, հատկապես որ այդ երկու պետությունների հարցն աշխարհն է այսօր քննում: Այնպես որ, սա խիստ աննորմալ է, բայց ոխերիմ բարեկամներն ունեն դարավոր փորձ` հայ ժողովրդի շահերն ամեն մեկն իրեն ծառայեցնել և այն աճուրդի առարկա դարձնել: Իսկ Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեն, որ առանձին պետություն ենք և հիմա էլ 2015 թվականի կարգավիճակում չենք, հետևապես եթե ի վիճակի չենք Թուրքիային դիվանագիտական դեմարշ անելու, ապա պետք է դիմենք, այսպես կոչված, եղբայր, բարեկամ պետությանը, ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի ղեկավարությանը` ինչո՞ւ են ցեղասպանության արդյունքների վերաբերյալ հարցն աճուրդի առարկա դարձնում, որովհետև, ըստ էության, Արցախի հարցը ցեղասպանության արդյունքի հարց է, եթե հայ ժողովուրդը ցեղասպանված չլիներ, այդ ո՞ր մի թուրքն էր այն ժամանակ ի վիճակի Հայաստանից պոկել Արցախը»:

Քաղաքագետն ընդգծեց, որ երկու պետությունով նրանք իրավունք չունեն քննարկել Արցախի հարցը. «Այսօր ցեղասպանության իրավունք ո՞վ ունի, ուրիշի հայրենիքը գրավելու կամ Հայաստանը մատների վրա խաղացնելու` ոչ ոք, բայց անում են: Իսկ մենք այս պարագայում պարտավոր ենք աշխատեցնել մեր պետության ինստիտուցիոնալ կառույցների ֆունկցիաները»:

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ Հայաստանը ոչ մի կերպ չպետք է հանդիպումների մասնակցի, քանի դեռ չեն կատարվել ժնևյան պայմանավորվածությունները. «Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը Ժնևում խիստ օբյեկտիվ պայմաններ էր առաջադրել` խաղաղությանը նպաստող և քաղաքակրթության շահերից բխող: Իսկ դրանից հետո նորից հանդիպումների գնալը Հայաստանի շահերից չէր բխում: Մենք պետք է վերադառնանք մեր պայմաններին, որովհետև այդ հանդիպումներով Ադրբեջանը լեգիտիմություն է ստանում և մարսել է տալիս Ադրբեջանի ապրիլյան գործողությունների տրամաբանությունը, ինչի իրավունքը չունեն, դա մեր շահերից չի բխում: Ի՞նչ են տալիս այդ հանդիպումները մեզ. հանդիպման նախօրեին, հանդիպման ժամանակ և հետո մեր զինվորներին են սպանում: Նրանք երկշերտ քաղաքականություն ունեն. ինչը Հայաստանին ու Արցախին է վերաբերում, աղբակույտից ծնված գաղափարներով են առաջնորդվում, իսկ աշխարհին ներկայանում են իբրև իրավական, միջազգային իրավունքը հարգող գործընկեր: Հիմա մեր խնդիրը ո՞րն է. աղբանոցում ծնվածի կերպարը փոխելը: Իսկ Ռուսաստանը շահագրգիռ է, որ այդ «իդիոտին» ներկայացնի որպես կույս»:

Իսկ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ արցախյան հարցի քննարկումը բխում է նաև Ադրբեջանի շահերից. «Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր պետություններ ու ժողովուրդներ են  մանր-մունր հարցերում, իսկ հայկական հարցում նրանք միասնական են, ամբողջական են և հետապնդում են հայկական հարցի ամբողջական «լուծումը», ինչը 15 թվականի գործի շարունակությունն է: Ես պնդում եմ, որ Թուրքիան մեր դեմ պատերազմը շարունակում է Ադրբեջանի ոսկրոտ, արյունոտ և նավթոտ ձեռքերով: Իսկ պատերազմը այս տարածաշրջանում Ադրբեջանը մղում է քրիստոնեական քաղաքականության դեմ, որի շահերի պաշտպանը այս կամ այն կերպ հարյուրավոր տարիներ պաշտպանում է հայ ժողովուրդը` իրեն բաժին հասած դաժան կռվի մեջ»:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ