տուն Լուրեր Ովքեր կմիանան ՀԱԿ-ի ստորագրահավաքին

Ովքեր կմիանան ՀԱԿ-ի ստորագրահավաքին

86
0

c41194dbfc090112aa0a24bcf9d47ce6

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք, որպեսզի Սահմանադրական դատարանում վիճարկի դեկտեմբերի վեցին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: ՀԱԿ-ին գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Առայժմ հայտնի է, որ ստորագրահավաքին միանալու պատրաստակամություն են հայտնել պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը: Իսկ  Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, թե դեռեւս ժամանակ ունի եւ կմտածի:

Մինչդեռ իշխող ՀՀԿ-ն կարծում է, որ ՀԱԿ-ին չի հաջողվի հավաքել 27 պատգամավորի ստորագրություն: Այս մասին, Araratnews.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը: «Չեմ կարծում, որ կկարողանա անհրաժեշտ ձայներ հավաքել, որովհետեւ  փորձն արդեն ցույց է տվել, որ շատ ընտրություններից հետո նրանք արդեն ցանկացել են նմանատիպ ստորագրահավաքներով տապալել եղած ընտրությունները, բայց չի հաջողվել, կարծում եմ, այս անգամ էլ չի հաջողվի»,- ասաց նա:

Նկատենք, որ ՀՀԿ-ական պատգամավորն այդպես էլ տեղյակ չէր, որ ՀԱԿ-ը ստորագրահավաք իրականացնելու է պատգամավորների շրջանում: Արմեն Կարապետյանը նշեց, թե հասարակության շրջանում պահանջ չկա ստորագրահավաքի: Երբ նրան տեղեկացրեցինք, որ ստորագրահավաք իրականացվելու է պատգամավորների շրջանում, վերջինս արձագանքեց. «Ավելին, պատգամավորների շրջանում իրենք այդ ռեսուրսը չունեն: Ընդդիմադիր դաշտի պատգամավորները մեկը մյուսին չեն վստահում: Օրինակ ՀԱԿ-ում կա պառակտում, Ժառանգությունում էլ ընդհանրապես պառակտում է, մեկը մյուսի հետ կապ չունեն»:

Ի դեպ ՀՀԿ-ական պատգամավորը այլեւս ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին, եւ ՕԵԿ-ին ընդդիմադիր չի համարում: Ըստ պատգամավորի՝ դա ակնհայտ դարձավ հատկապես պետական բյուջեի նախագծի քվեարկության ժամանակ:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց պետական բյուջեի նախագծին: ՀՅԴ-ն քվեարկությանը չմասնակցեց, իսկ ՕԵԿ-ը` դեմ էր: