Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ: Պատգամավորը ցանկանում է օրենսդիր մարմնում քննարկել Երեւանում ստեղծված իրավիճակը: Այս պահին նրա առաջարկությանը միացել են ինը պատգամավոր՝ Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Ռուբիկ Հակոբյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Զարուհի Փոստանջյանը:
Կմիանա՞ն արդյոք օրենսդիր մարմնի մյուս ներկայացուցիչները ընդդիմադիր պատգամավորի այս նախաձեռնությանը: Araratnews.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ ինքը հանրապետությունում չէ, կվերադառնա երկու օրից, հետեւաբար, այդ հարցը չեն քննարկել:
ՀՀԿ խմբակցությունից որեւէ մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հեռախոսին պատասխանող անձն ասաց, թե սխալ ենք զանգահարել:
ՕԵԿ խմբակցության պատգամավորներից եւս տեսակետ ստանալ չհաջողվեց:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկին դեմ չեն, բայց գոյություն ունի խմբակցությանը դիմելու որոշակի ընթացակարգ, որը պետք է պահպանել:
«Կարծում եմ` յուրաքանչյուր նախաձեռնություն, բնականաբար, ունի իր իմաստը, տրամաբանությունը եւ հանգուցալուծումը: Այն իրավիճակը, որ ստեղծվել է երկրում, եւ հնարավոր այն ելքերը, որոնք կարող են մեր երկրում տեղի ունենալ, բնականաբար, բազմաթիվ վերլուծությունների տեղիք կարող են տալ: Խորհրդարանի նիստ գումարելը համարում եմ տեղին, բայց նաեւ կան հստակ ընթացակարգ եւ մոտեցման ձեւ: Ես, որպես ԱԺ պատգամավոր, նաեւ գործընկերներ ունեմ, ովքեր, ավելի քան համոզված եմ, նույն կարծիքին են, որ խոսքը Ազգային ժողովում բովանդակային քննարկումների մասին է, թե արդյոք հնարավոր ջանքերը գործադրվեցի՞ն կամ գործադրվելո՞ւ են խնդիրը լուծելու համար, անկախ այն բանից, թե սա նախաձեռնողի անձի ամպագոռգոռ խոսելու մասին չի վկայում: Անձամբ ես նման նախաձեռնությունը ստորագրելու որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Էնֆիաջյանը:
Նշենք, որ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: