տուն Լուրեր Ով է ստել. Նաղդալյանի հեռախոսը տեխնիկական խնդիր չի ունեցել

Ով է ստել. Նաղդալյանի հեռախոսը տեխնիկական խնդիր չի ունեցել

180
0

արենն

«Հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն անջատված չի եղել, դրանից է եղել»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պետական բյուջեի միջոցների հաշվին շուրջ 2 միլիոնի հեռախոսով խոսելու փաստը օրեր առաջ  իբրեւ թե փորձել էր  արդարացնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

Հարցին, թե չե՞ք պատրաստվում գումարը վերադարձնել, Նաղդալյանն ասաց, որ իրեն նման պահանջ չի ներկայացվել:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել և դա վճարել է պետբյուջեից: Կարելի է կարծել, որ տիկին Նաղդալյանը չափազանց շատ է ծանրաբեռնված եղել ազգային ու պետական գործերով և հենց այդ նպատակներով է կատարել այդ զանգերը: Մինչդեռ, ըստ մամուլի հրապարակումների, պարզվում է, որ նա ծառայողական հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ, և դրա համար պետք է վճարի պետական բյուջեն: ԱԺ նախագահին, փոխնախագահներին և հանձնաժողովի նախագահներին ԱԺ աշխատակազմը տրամադրում է ծառայողական հեռախոսահամարներ և սահմանում գումարային լիմիտներ: ԱԺ փոխնախագահների համար սահմանված է 50 հազար դրամի ամսական լիմիտ, որը Նաղդալյանը գերազանցել է 40 անգամ, և դա մայիս ամսին, երբ նա ԱԺ փոխնախագահ է եղել մինչև մայիսի 17-ը:

Նաղդալյանի «դրա ինչը մեկնաբանեմ» հայտարարությունը րոպեներ անց մեկնաբանեց ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Մասնավորապես, Aysor.am-ի հետ զրույցում Բաբայանն ասել էր.

«2 մլն դրամը չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ.Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և անհրաժեշտություն փոխհատուցման պահանջ ներկայացնելու»,- ասել էր Ա.Բաբայանը:

Այսօր արդեն հրապարակվել է «ՄՏՍ Հայաստան» ընկերության պարզաբանումը.

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունն իր բոլոր բաժանորդներին, լինեն դրանք անհատներ, կազմակերպություններ կամ պետական մարմիններ, ծառայություններ է մատուցում համապատասխան պայմանագրերի և դրանցում ամրագրված պայմանների, այդ թվում՝ սակագների, հիման վրա: Մատուցված ծառայությունների համար հաշիվներ են տրվում և վճարումներ են ընդունվում այդ նույն պայմանագրերով և գործող իրավական ակտերով սահմանված կարգով:

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, Ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ Ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել Ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից»:

Սա ինքին փաստում է, որ Նաղդալյանն իրականում ստել է, ասելով, թե իր հեռախոսն ունեցել է տեխնիկական խնդիր, եւ 3G-ն չի անջատվել: Ընկերության հայտարարությունը փաստում է, որ Արսեն Բաբայանը եւս ճշմարտությունը չի ասել:

Պետական բյուջեի միջոցներն անարդյունավետ վատնելու, սեփական շահերին ծառայեցնելու լավագույն օրինակ է այս ամենը: Նաղդալյան Հերմինեն շարունակում է վնասել պետությանը, տարբեր ճանապարհներով բառի բուն իմաստով ուտել պետբյուջեի միջոցները: Այստեղ արդեն անելիք ունեն Նաղդալյանի հովանավոր իշխանություններն ու իրավապահ մարմինները:

Araratnews.am-ի հետ զրույցում ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, անդրադառնալով «ՄՏՍ Հայաստան» ընկերության պարզաբանմանը, ասաց. «Հանձնարարվել է ԱԺ գործերի կառավարչությանը ուսումնասիրել պատճառները մայիս ամսին ընկերության կողմից ներկայացված հաշվի զգալիորեն պակաս լինելու մասին, քան նախնական ներկայացված տեղեկությունում էր, որն ընկալվել է որպես պարտքի զիջում: Ուսումնասիրությունները կավարտվեն, կտրվի պարզաբանում»,- ասաց Բաբայանը:

 Փայլակ Ֆահրադյան