Ղարաբաղյան կարգավորման միջնորդները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի դիվանագետները նախապատրաստում են երկու երկրների նախագահների` Սարգսյանի և Ալիևի հանդիպումը. գրում է Rosbalt.ru-ն:
Ադրբեջանը շարունակում է տեղեկատվություն տարածել՝ Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, իսկ հայկական կողմը հողին է հանձնում շփման գծում հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած զինծառայողին: Զուգահեռաբար` Երևանն ավելացնում է հաջորդ տարվա բյուջեի ռազմական ծախսերը, սակայն հասնել և անցնել Բաքվին այդ հարցում երկիրը չի կարողանա: Այս ամենի ֆոնին է, որ ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախարարները պատրաստում են հեռացող նախագահ Սերժ Սարգսյանի և ցմահ նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Երկու երկրների ԱԳՆ ղեկավարներն արդեն հանդիպում են ունեցել, որից հետո սպասվում է նախագահների հանդիպումը: Հանդիպումն իր պաշտոնական ներկայությամբ «օրհնել» է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, հույս հայտնելով, որ կողմերը «փոխզիջումային լուծում» կգտնեն:
Չի բացառվում, որ հանդիպումը պաշտոնական կլինի, որպեսզի միջազգային հանրությանը և միջնորդներին ցույց տան կողմերի՝ հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման պատրաստակամությունը:
«Ներկայումս ստեղծված իրավիճակը որոշակի հույսեր է ոգեշնչում, որ Սարգսյանը և Ալիևը կանցնեն իրական ջանքերի՝ պատերազմից խուսափելու համար: Հնարավոր է, պատահական չէ, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բացահայտ հայտարարեց, որ Երևանը Բաքվի հետ քննարկում է վերջինիս տարածքների վերադարձը, որոնք «անվտանգության առումով չի սպառնում Ղարաբաղին»: Նա նաև հիշեցրել է պաշտոնական Երևանի դիրքորոշման մասին, ըստ որի, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում այն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Սա նշանակում է բանակցությունների ավարտը՝ դրանից բխացող բոլոր հետևանքներով հանդերձ»,- բացատրել է նախարարը: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը աջակցել է Մինսկի խմբի համանախագահների մի քանի «հետաքրքիր առաջարկներին», հակամարտության կարգավորման վերաբերյալ «հիմնարար բանակցությունների» շարունակման համար»,- ասված է Rosbalt.ru-ում հրապարակված հոդվածում:
Բաքուն վախենում է, որ չկա ավելի մշտական բան, քան ժամանակավոր իրավիճակը, և Ղարաբաղն ընդմիշտ հեռանում է իրենից:
Հոդվածում նշվում է, որ եթե հայկական զորքերը սկսեն հեռանալ օկուպացված տարածքներից, և բանակցություններին միանան ԼՂ ներկայացուցիչները, դա կնշանակի հակամարտության կարգավորման իրական սկիզբ: Եթե Սարգսյանը և Ալիևը պատրաստ չեն նման գործողությունների, ապա չարժի, որ հանդիպեն:
«Սարգսյանն ու Ալիևը պետք է շտապեն խաղաղ գործընթաց սկսելու համար, քանի որ տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակն արագորեն փոփոխվում է, ինչը խիստ բացասական ազդեցություն ունի ոչ գլոբալ խաղացողների վրա, ինչպիսիք են Հայաստանն ու Ադրբեջանը:
Այս դեպքում միջնորդները և, առաջին հերթին` Ռուսաստանը ստիպված կլինեն շարունակել առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի բանակցությունների դադարի ժամանակ հակամարտության գոտում ակտիվ հրաձգություն չսկսվի, և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը մնա անփոփոխ: Այնպես որ, Հայաստանն ու Ադրբեջանը հիմա պետք է «օգտագործեն պահը» և խնդիրը լուծեն իրենց համար համեմատաբար բարենպաստ ռազմաքաղաքական և գաղափարական իրավիճակում: