ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախօրեին դատարան էր ներկայացվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը։ Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը։
Աշոտ Իսախանյանը երեկ դատապարտյալների համար ՔԿՀ-ում նախատեսված հեռախոսից զանգահարել է «Առաջին լրատվական»-ին և պատասխանել մի քանի հարցի․
– Պարոն Իսախանյան, կպատմե՞ք, թե Մանվել Գրիգորյանի հետ ձեր հակասությունները երբ են սկսվել, ինչո՞ւ է տարիներ առաջ Գրիգորյանը ձեզ, ձեր նկարագրմամբ, պահել պադվալում, խոշտանգել։ Ինչի՞ց էր կոնֆլիկտն առաջացել։
– Մինչ ձեր հարցին պատասխանելը՝ ուզում եմ անդրադառնալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի հայտարարությանը, որով նա ինձ անմեղսունակ էր անվանել։ Ես արդեն դիմել եմ դատարան՝ պահանջով, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանը ներողություն խնդրի ինձանից և փոխհատուցում տրամադրի։ Մի բան ես հաստատ գիտեմ՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանն այն անձը չէ, ով կարող է որոշել՝ ես մեղսունա՞կ եմ, թե՞ անմեղսունակ։ Նա պետք է ներողություն խնդրի ինձանից։
Հիմա անդրադառնամ ձեր հարցին. դեպքը եղել է 2000 թվականին։ Ես ազատամարտիկ եմ, 1990-1994 թվականները մասնակցել եմ պատերազմական գործողություններին, 5 անգամ վիրավորվել եմ։ Մանվել Գրիգորյանին ճանաչել եմ 1990 թվականին պատերազմի դաշտից։ 2000 թվականին ես գնացի պաշտպանության նախարարություն, Մանվել Գրիգորյանն այնտեղ էր, ինձ հրավիրեց ԵԿՄ, կանչեց ու ասաց՝ Աշոտ, ուզում եմ մեր ազատամարտիկներին օգնեմ, կարա՞ս դրամահավաք կազմակերպես։ Ես էլ իրանից խնդրեցի, որ օրինական ընթացք տրվի դրան՝ իր կողմից հրաման, կարգադրություն արվի։ Մանվել Գրիգորյանն էլ ասաց, որ ուզում է, որ դա ներքին կարգով լինի, ոչ հրապարակային, օրինական։ Ինչևէ։ Մենք պայմանավորվեցինք, որ եթե այդ ճանապարհով ենք գնում, ապա հավաքված գումարի մի մասը կտանեմ Երկրապահ, իսկ մյուս մասը կպահեմ իմ մարտական ընկերներին օգնելու համար։ Պայմանավորվեցինք, որից հետո ես 480 միլիոն դրամ հավաքեցի։ Ինչպես պայմանավորվել էինք՝ 240 միլիոն դրամը տարա իրենց գյուղ՝ Արշալույս, իրենց տանը տվեցի։ Ինքը պահանջեց գումարի մնացած մասն էլ տամ, ես հրաժարվեցի, ու այդպես ստեղծվեց լարվածությունը, և նա ու իր ախրաննիկները մի քանի հոգով սկսեցին ինձ ծեծել։ Ծեծողներից մեկին շատ լավ հիշում եմ, իր աջ ձեռքն էր՝ Ճուտ մականունով։ Սկսեցին ծեծել, ապա մեշոկը քաշեցին գլխիս ու ինձ տարան պադվալ, ժնջիլները քցեցին վիզս ու այդպես 22 օր ամեն օր, օրը մի քանի անգամ գալիս ծեծում էին ինձ, խմած, հարբած գալիս ու ծեծում էին, Մանվել Գրիգորյանը անձամբ ինքը աթոռի ոտերը ջարդում էր ու ծեծում էր։ Նշեմ, որ այդ տեղում, որտեղ որ ինձ պահում էին, խոսակցություններ էին գնում, որ Մանվել Գրիգորյանը իր բանդայի հետ ազատամարտիկ էին կախել, որը հետո սարքել էին ինքնասպանություն։ Դրանից հետո Մանվելը որոշեց, որ ինձ պետք ա կրակի։ Վստահ եմ, որ կխփեր, բայց էդ պահին զանգ եկավ իրեն։ Հետո ինձ տենց ժնջիլով կապած տարան արջի վանդակը։ 3 օր նույն վանդակում համ արջն էր կապած, համ ես, կես մետր դիստանցիա էր ընդամենը։
– Ձեզ ինչպե՞ս է հաջողվել դուրս գալ այդտեղից։
– Այդ օրը Էջմիածնում քաղաքապետի ընտրություններ էին։ Զանգ եկավ, իրենք գնացին։ Դրանից հետո ինձ տենց ժնջիլով տարան ջուր խմելու, որի ընթացքում ես մի փոքր քար վերցրի գետնից ու գցեցի ջեբս։ Ջուր խմելուց հետո ինձ հետ բերեցին այնտեղ, որտեղ պահում էին։ Պատերին մեխեր կային, որոնց մի քանի անգամ խփելուց հետո կողպեքը բացվեց։ Երբ դուրս եկա, ես տեսա, որ Երկրապահի գարաժներից մեկում էի, հիմա էլ կարող եմ տանել ցույց տալ, թե որտեղ են։ Մի խոսքով՝ դուրս գալուց հետո ինձ հաջողվեց փախնել։
– Հետո իրենք Ձեզ չե՞ն հետապնդել։
– Իհարկե, եկան հետևիցս, փնտրեցին, բայց այդ ժամանակ ես դիմեցի Երկրապահի Հրազդանի կառույցի ղեկավարին՝ Աբել Հարությունյանին։ Խնդրեցի Մանվել Գրիգորյանի դեմն առնել, որ ինձ չհետապնդեն։ Ամբողջ ախրանան լարել էր հետևիցս։ Մի խոսքով՝ այդ բանակցությունների վերջում Մանվել Գրիգորյանն ինձ ասաց, որ ավելի լավ կլինի գնամ հանձնվեմ, սաղ իմ վզին վերցնեմ ու նստեմ, եթե չեմ ուզում մեռնել։ 2000 թվականին ես գնացի Էրեբունու ոստիկանության բաժին դիմեցի ու այդպես դատվեցի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։